Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Քաղաքականություն

 «Երեւան Վելնես»-ը 5 տարի ժամկետով կօգտագործի նախկինում Ծառուկյանին պատկանող տարածքը

Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող Խանջյան փողոցի հ.22 շինություն հասցեում գտնվող 10779.45 քմ մակերեսով մարզաառողջարանային համալիրը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 1.262154հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, մինչեւ 2031 թվականի նոյեմբերի 1-ը, այսինքն 5 տարի ժամկետով տրամադրվելու է «Երևան Վելնես» ՍՊԸ-ին։ 

  Ընկերության տնօրենն է գրությամբ դիմել Երեւանի քաղաքապետին, որպեսզի ընկերությունը կարողանա մարզաառողջարարական գործունեություն իրականացնի։ 

  Նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու հոկտեմբերի 13-ին նշանակված նիստի օրակարգում։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյաններին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին: Ըստ քաղաքապետարանի՝ «Օղակաձև» զբոսայգում գտնվող շինությունը խախտումներով են կառուցել: «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» հոլդինգի մեջ ներառված «Մուլտի Ուելնես» կենտրոնը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ 

2026 թ.-ի հուլիսի սկզբին Multi Wellness Center-ի աշխատանքը կասեցվել էր Գագիկ Ծառուկյանի հետ կապված ձեռնարկություններում քննչական գործողությունների ֆոնին։ Գործարարը հուլիսի 7-ից գտնվում է կալանքի տակ։