Բացել լրահոսը Փակել լրահոսը
picture
A A
Տնտեսություն

Ամուլսարի գործով Նազելի Վարդանյանը ներկայացրել է ոչ ճիշտ հայցատեսակ․ «Լիդիան Արմենիա»-ի պարզաբանումը

«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սայադ Բադալյանը պարզաբանում է տարածել օրերս Ամուլսարի գործով վերաքննիչ դատարանի կայացրած որոշման վերաբերյալ:

«Սույն թվականի հուլիսի 9-ին Ecolur տեղեկատվական ՀԿ-ն տեղեկություն էր տարածել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների վերաքննիչ բողոքն Ամուլսարի գործով: Տեղեկությունը տարածվել էր այն լույսի ներքո, թե իբր դատարանը հիմնավոր է համարել հայցվորների ներկայացրած պահանջը Ամուլսարի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ Մինչդեռ, իրականությունն այլ է։

Նախևառաջ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ դիրքորոշում հայցվորների փաստարկների վերաբերյալ չի հայտնել, մինչդեռ վերոնշյալ աղբյուրի ձևակերպումներից ընթերցողի մոտ կարող է նման տպավորություն ստեղծվել։ Դատարանը գործը նոր քննության է ուղարկել բացառապես դատավարական հիմնավորումներով։ Մասնավորապես, ըստ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի եզրահանգման, հայցվորների ներկայացուցչի` Նազելի Վարդանյանի կողմից ներկայացվել է ոչ ճիշտ հայցատեսակ։  

Արձանագրելով այս փաստը՝ դատարանն այլ ելք չի ունեցել, քան գործը նոր քննության համար առաջին ատյանի դատարան ուղարկելը, որպեսզի վերջինս առաջարկի հայցվորներին ներկայացնելու պատշաճ հայցատեսակ։

Նման պայմաններում անհասկանալի է որոշ լրատվամիջոցներով Նազելի Վարդանյանի կողմից վերոնշյալը որպես «հաղթանակ» ներկայացնելը։ Կարծում ենք, որ նրա արձագանքն այդ դատական ակտին պետք է ճիշտ հակառակը լիներ, քանի որ դրանով արձանագրված է իր իսկ կողմից ոչ ճիշտ հայցատեսակի ներկայացման փաստը։

Կրկին ընդգծենք, որ քննարկվող դատական ակտով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ բովանդակային դիրքորոշում չի հայտնել ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու՝ հայցվորների վկայակոչած փաստարկների վերաբերյալ, քանի որ ոչ ճիշտ հայցատեսակի ներկայացման պայմաններում դատարանը նման դատավարական հնարավորություն առհասարակ չուներ»։