Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

«43%-ը կես ժամում դարձավ 51%»․ դիտորդները զարմացած են իշխանությունների թվաբանությունից․ Զուգահեռներ (տեսանյութ)

2003-ի մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունները ցնցում են միջազգային դիտորդներին՝ իշխանությունը բոլոր
կեղծիքները կատարում է հենց նրանց ներկայությամբ, ինչ-որ մարդիկ նույնիսկ սպառնում են դիտորդներին: Եվրախորհրդի
դիտոդական առաքելության ղեկավարը հարցնում է իշխանություններին՝ ինչպե՞ս ստացվեց, որ ընտրողների
մասնակցությունը 43% էր ընտրատեղամասերի փակվելուց կես ժամ առաջ, բայց տեղամասերի փակումից հետո
միանգամից հասավ 51 %-ի:
 
Կեղծիքներից բացի տեղի է ունենում սպանություն քվեարկությունից մեկ ժամ անց՝ առանց պետահամարանիշի մեքենայից
կրակում են Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասի վրա և սպանում Վրեժ անունով մի ավտոտեսուչի:
 
Քննարկման թեման մեկն է ՝ խորհրդարանի աշխատանքներին կմասնակցի՞ 163 հազար քվե հավաքած ընդդիմադիր
«Արդարություն» դաշինքը, թե՞ կբոյկոտի այն:
 
Հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանն անմիջապես հրաժարվում է
մանդատից: Ընտրություններից 5 օր անց իշխանությունը ակնարկում է, որ խորհրդարանի նախագահ կդարձնի Օրինաց
երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, որը քարոզարշավին ընդդիմադիր ելույթներ էր ունենում և
ընտրություններում գրավել էր երրորդ տեղը «Արդարություն» դաշինքից հետո:
 
Ընտրություններից 10 օր հետո «Արդարություն» դաշինքը որոշում է չբոյկոտել խորհրդարանի աշխատանքները: 5 տոկոսը
հաղթահարած Դաշնակցությունը, Ազգային Միաբանությունը և Գուրգեն Արսենյանի գլխավորած «Միավորված
աշխատանքային կուսակցություն»-ը նույնպես չեն խոսում բոյկոտի մասին:
 
Հունիսի 11-ին Հանրապետականը, Դաշնակցությունը և Օրինաց երկիրը կազմում են իշխանական կոալիցիա և բաժանում բոլոր պաշտոնները:
 
Խորհրդարան են մտնում նաև մականունավոր քրեական հեղինակությունները, ինչպիսին են «Բուռնաշ» մականունով Աշոտ
Աղաբաբյանը, «Ալրաղացի Լյով» մականունով Լևոն Սարգսյանը, «Նեմեց Ռուբո» անունով հայտնի Ռուբեն
Հայրապետյանը, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանը, «Լիսկա» մականունով Սուրիկ Խաչատրյանը. բոլորն էլ
ներկայացնում են իշխող «Հանրապետականին»:
 
Արդարադատության նախարարությունն ակնարկում է, որ Հանրապետականի հաղթանակը ընտրություններում պատահական
չէ, նույնիսկ կալանավորներն են քվեարկել նրա օգտին՝ 674 կալանավորից 510-ը քվեարկել է Հանրապետականի օգտին:
Ընտրություններից հետո ամենատխուրը «ԱԼՄ» հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանն է: Նա
հայտարարում է, որ իր ընտրողները քցել են իրեն, թեպետ ինքն այնքան հեռուստացույց ու ադամանդ է բաժանել բոլորին
բոլոր մարզերում:
 
Ոչ մեկը նույնիսկ չուրախացավ կամ չտխրեց, որ տապալվեց նաև Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրական
փոփոխությունները։
 
Փոխարենը ընտրություններից մի քանի օր հետո ԿԸՀ դաշնակցական փոխնախագահը ցնցում է հետընտրական գործընթացը՝
հայտարարելով, որ չի ստորագրի ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը, քանի որ քվեարկության մասնակցածների թիվը
նախկինում հայտարարվածից մոտ 64 հազար մարդով ավել է:
 
Ընտրությունները բողոքարկող ընդդիմությանը Հանրապետական Հովիկ Աբրահամյանը պատասխանում է փիլիսոփա
Սենեկայի բառերով. «Նախանձ մարդիկ միշտ վշտացած են, որովհետեւ նրանց տանջում է ոչ թե իրենց անհաջողությունը,
այլ ուրիշի հաջողությունը»:
 
Մի քանի օր հետո իշխանությունը Ազգային Ժողովի նախագահ է ընտրում Արթուր Բաղդասարյանին: