Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ ներսում ավելանում է տագնապը Մեղրիի հետ կապված. մենք տղա էինք ու պահեցինք Արցախը․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցության վերաբերյալ։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ էության մեջ ենք մտնում, երկվություն է առաջանում՝ պայքարե՞լ մի քանի մանդատների համար, թե՞ ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը և դրանով փորձել հաջողության հնարավորություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել»,– նշեց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանն ասաց նաև, որ իրեն այցելողներ են եղել խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցությունների համար, սակայն չբացահայտեց, թե ովքեր։

Հարցին, թե ինչով է պայմանավորված ներընդդիմադիր պայքարի լարումը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ տարակարծությունները, ՀՀԿ ղեկավարը պատասխանեց, որ համաձայն չէ նման գնահատականի հետ՝ իր բնորոշմամբ, «ջրերը զուլալվում են»։

«Բոլոր նրանք, ովքեր փորձում են մեր հաշվին աչոկ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ կլսեն ճշմարտությունը։ Մենք որևէ կոմպլեքս չունենք։ Ինչ զրպարտություն էլ լինի, պատասխանը կստանան ճշմարտության տեսքով»,– ընդգծեց նա։

Ինչ հանգամանքներ են ազդելու Հանրապետականի որոշման վրա, Սարգսյանի խոսքով՝ իրենց բոլոր ուսումնասիրություններով անցողիկ դիրքերում են, սակայն կան նաև այլ հանգամանքներ, որոնց ճշգրտումից հետո կորոշեն։ Նրա խոսքով՝ հավանաբար մինչև ապրիլի վերջ ՀՀԿ-ն կունենա որոշում։

Հարցին, թե քաղաքական ուժի կանխատեսումներով՝ Գյումրիի օրինակով հնարավոր է արդյոք խորհրդարանում ընդդիմադիր ուժերի միավորում, նախկին նախագահը պատասխանեց. «Այսօր չեմ կարող դա ասել։ Երբ գա ժամանակը և համոզված լինեմ, անպայման կհայտարարեմ մինչև ընտրությունները։ Միավորվելու մասին չէ խոսքը, այլ ներընդդիմադիր պայքարը մեղմելու»։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները «վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից»։

Մինչդեռ 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը վստահ են, որ Փաշինյանին հաշված օրեր են մնացել, և հունիսի 7-ից հետո նրա իշխանությունը հեռանալու է։