Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փողոցային պայքար էլ կսկսենք, եթե եկեղեցին պաշտպանելու կարիք լինի. Քոչարյան (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ Շաքիում տեղի ունեցածը չի կարելի որակել որպես սովորական քրեական դեպք։

«Որևէ տրամաբանող մարդ չի կարող այս դեպքը որակել որպես սովորական հանցագործություն այն դեպքում, երբ իրենք անընդհատ կրկնում են, որ արդեն կա հաստատված խաղաղություն։ Ադրբեջանցի զինվորը ոչ թե պարզապես մոլորված հայտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ զինված հայտնվել է, խորացել է 10 և ավելի կիլոմետր, մտել է հայ քաղաքացու տուն»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ անընդունելի էր նաև Նիկոլ Փաշինյանի նախորդ օրվա հայտարարության այն հատվածը, որը, ըստ Քոչարյանի, կարող էր ընկալվել որպես կատարվածի պատասխանատվությունը հայ կնոջ վրա դնելու փորձ։

Քոչարյանը պնդել է, որ Փաշինյանի խոսքում տեսել է ադրբեջանցի զինծառայողի անմեղության կանխավարկածի ընդգծում։

«Իհարկե, անմեղության կանխավարկածը միշտ պետք է հարգվի։ Ցանկացած դեպքում ես այդ համոզմունքն ունեմ, բայց այստեղ կա շատ հստակ տարբերություն, երբ խոսքը վերաբերում է ընդդիմադիրներին, ընդդիմադիրների հետ կապված գործերին», - ասել է նա՝ պնդելով, որ իշխանությունը ընդդիմադիրների դեպքում, իր գնահատմամբ, անմեղության կանխավարկածը չի պահպանում։

Անդրադառնալով ադրբեջանական հասարակության՝ հայերի հետ շփվելու պատրաստակամության վերաբերյալ հարցին՝ Քոչարյանն ասել է, որ իր կարծիքով՝ Ադրբեջանում հայատյացությունը սկսվում է մանկապարտեզից։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ «պատմական հավակնությունների» մասին, և, ըստ Քոչարյանի, դա մտահոգվելու առիթ է։

Քոչարյանը չի բացառել եկեղեցու պաշտպանության համար փողոցային պայքարը

Անդրադառնալով Ազգային ժողովում եկեղեցու շուրջ ստեղծված խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Լևոն Քոչարյանն ասել է, որ ընդդիմությունը գործընթացը համարում է հակասահմանադրական։

«Եթե կարիք լինի փողոցային պայքարի, փողոցային պայքար էլ կսկսենք, եթե այլ ձևով պաշտպանության կարիք լինի, բոլոր ոչ արգելված ձևերը օգտագործելու ենք»,- հայտարարել է Քոչարյանը։

Նա նշել է, որ հանձնաժողովի ստեղծումը եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունների միայն մի մասն է, և հիշեցրել է, որ ընդդիմությունը նախկինում ևս փողոցում պաշտպանել է եկեղեցուն։

«Մենք միշտ կանգնած ենք լինելու այնտեղ, որտեղ մեր ընկալմամբ եկեղեցին կունենա մեր կարիքը»,- ասել է Լևոն Քոչարյանը։