Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:
Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1958-1960 թվականներին նա սովորել և գերազանցությամբ ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը:
1960-1964 թվականին Հակոբ Ազիզյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ սովորելով ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում:
Նույն թվականին նա աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:
1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:
1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։
2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:
2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:
Մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում.
Պեպո, Սամսոնյան` Սունդուկյանի «Պեպո», «Ամուսիններ»
Արբենին ` Լերմոնտովի «Դիմակահանդես»
Միքայել` Շիրվանզադեի «Քաոս»
Բոլենբրոկ` Շեքսպիրի «Ռիչարդ II»
Շմավոն` Ժ. Անանյանի «Կարուսել»
Երեք բեմադրության հեղինակ է․
«Աշնան արև»` ըստ Հ. Սաթևոսյանի
«Անառակ որդու վերադարձը»՝ ըստ Ա. Աղասարյանի
«Կիբոսա VII դար՝ըստ Հ. Վարդանյանի» (հեռուստաբեմադրություն)
Կինոյում ևս մարմնավորել է մի շարք կերպարներ․ «Հեղնար աղբյուր»՝ Երանոս, «Հող և ոսկի»՝ Ստեփան Մարգարյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Դիլան, «Վերադարձ»՝ Ռուբեն և այլն։
Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: