Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի գործով դատավորը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը մակագրվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Դաջունցին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք՝ ըստ գործի տվյալների՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը և կրակել տանտիրուհու՝ Անի Ավետիսյանի վրա՝ նրան ծանր վնասվածքներ պատճառելով։
Զինծառայողին տանն առաջինը հայտնաբերել էին Ավետիսյանի երեխաները։ Հարազատների խոսքով՝ մայրը, երեխաներին պաշտպանելիս, ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել։
Ըստ Բաքվի՝ Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր Լաչինի զորամասը։
Հոկտեմբերի 2-ին Մուսաևը Հայաստանում կալանավորվել է։ Նա մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։
Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար։