Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Սա վերջին բախումը պիտի լինի, բնականաբար նրանք կցանկանան հասնել իրենց նպատակին․ Լուսինե Բադալյան (տեսանյութ)

«Եթե անգամ վաղը մենք իշխանություն չլինենք, ես շատ ուրախ եմ, որ այդ հնարավորությունը տրվեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը։

Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով։ Ցածր՝ մինչև 40 հազար դրամ կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։

Ինչո՞ւ իշխանություններն ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ որոշեցին բարձրացնել կենսաթոշակը։ Ընդդիմությունն այդ քայլը որակեց որպես նախընտրական կաշառք Հայաստանի ավելի քան 500 հազար թոշակառուներին։ Լուսինե Բադալյանի համար միևնույնն է, թե ընդդիմադիրներն ինչ կասեն, պատգամավորի համար կարևոր է, որ թոշակառուները կուրախանան դրանից։ Նա հավելում է, որ թոշակների բարձրացման քայլն անընդհատ է քննարկվել ու հաշվարկվել իշխանությունների մոտ, այն հիմա հնարավոր դարձավ տնտեսական որոշակի աճի շնորհիվ։

«Կարծում եմ, սա ժամանակային համընկնում է, և ընդամենը զուգադիպել է նախընտրական շրջանի հետ։ Մենք չենք կարող մեր գործողությունները պայմանավորել ընդդիմության գործողություններով։ Տնտեսական որոշակի աճ կա, նոր հոսքեր կան։ Մենք այս պահին ունեինք թոշակները վերանայելու խնդիր, թող դա լինի նախընտրական։ Շատ քայլեր կան, որ պատրաստ ենք անել, բայց փորձում ենք հապաղել խուսափելու համար նման մտքերից։ Ընտրություններից հետո բազմաթիվ քայլեր ունենք անելու»,- եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։