Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro
A A
Սպորտ

Եվրո-2020, 9-րդ օր. Գերմանիայի, Լեհաստանի և Հունգարիայի հավաքականների վերջին շանսը

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունում այսօր կկայանան 2-րդ տուրի վերջին հանդիպումները:

Առաջին խաղում Հունգարիայի հավաքականը իր հարկի տակ կընդունի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային:

Հունգարացիներն առաջնությունը մեկնարկել են Պորտուգալիայից կրած պարտությունով, ուստի նրանք այլևս նահանջելու տեղ չունեն: Ֆրանսիացիենրն առաջին տուրում հաղթել են Գերմանիային: Հաջողության դեպքում նրանք ժամանակից շուտ կմտնեն փլեյ-օֆֆ:

Հունգարիայի հավաքականը Ֆրանսիային վերջին անգամ հաղթել է հեռավոր 1964 թվականին: Դրանից հետո հունգարացիները չորս պարտություն են կրել 5 խաղում, ընդ որում բոլոր վերջին հանդիպումներում:

Օրվա երկրորդ խաղում Մյունխենում միմյանց հետ կհանդիպեն Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները: Տանտերերին այս խաղում նվազագույնը ոչ-ոքի է հարկավոր, որպեսզի շարունակեն փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարը, հակառակ դեպքում նրանք կարող են խաչ քաշել ընթացիկ առաջնության վրա: Եվրոպայի գործող չեմպիոնները հաղթելու դեպքում կմտնեն 1/8 եզրափակիչ:

Գերմանիայի հավաքականն ավանդաբար շատ հաջող է խաղում Պորտուգալիայի դեմ: Նախկինում կայացած 18 խաղերում գերմանացի ֆուտբոլիստները տարել են 10 հաղթանակ` կրելով ընդամենը 3 պարտություն: Սակայն, նրանք վերջին անգամ պորտուգալացիներին զիջել են հենց Եվրոպայի առաջնության ժամանակ` 0:3: Դա տեղի է ունեցել 2000 թվականին:

Երկրորդ տուրի վերջին խաղում Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում կընդունի Լեհաստանի ընտրանուն: իսպանացիները Եվրո-2020-ը սկսել են Շվեդիայի հետ գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ լեհերը պարտվել են Սլովակիային` 1:2: Լեհաստանի հավաքականին այս խաղում հարկավոր է միմիայն հաղթանակ, հակառակ դեպքում նրանք այլևս չեն կարող հասնել մրցակիցներին: Իսպանացիները հաղթելու դեպքում գործնականում կապահովեն իր տեղը 1/8 եզրափակիչում:

Խաղերը տեղի կունենան ժամը 17-ին, 20-ին և 23-ին: