Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 6 օր առաջ․ ի՞նչ իրավիճակ էր (տեսանյութ)

1995-ի խորհրդարանի ընտրություններից առաջ, ըստ «Շրջան» շաբաթաթերթի, Հայաստանի բոլոր զորամասերին բանավոր հրաման է տրվում մինչև ընտրությունների ավարտը ծառայության ժամկետը վերջացրած ոչ մի զինվորի չզորացրել:

1999-ի ընտրությունների «Կինդեր սյուրպրիզը»՝ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահը չնայած սոցիոլոգիական արդյունք հրապարակելու օրենքի արգելքին, ասում է, որ իր կուսակցությունը կհավաքի 9 տոկոս քվե: Եթե իրենց քվեն իշխանությունը կեղծի, ՀԵԿ-ը մեծ աղմուկ կբարձրացնի. «Այս գայլերի ոլորտում մենք չենք պատրաստվում գառնուկ դառնալ, մենք պատրաստվում ենք որսորդ դառնալ»: Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միությունը խորհրդարանի ընտրություններին գնում է միայնակ, թեպետ մեկ տարի առաջ Կարեն Դեմիրճյանի կողքին էր: Միության նախընտրական շտաբի ղեկավար Վարդան Խաչատրյանը նկատում է, որ հայ ժողովրդի արգանդը դեռ չի դատարկվել եւ Հայաստանը կարելի է փրկել։ ԿԸՀ անդամ Վահե Վարսանյանը դատի է տվել սեփական հիմնարկին: Գործը քննող դատավորը Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանն է: Վահե Վարսանյանը պահանջում է, որ դատարանը չեղյալ համարի ժամանակավոր գրանցում ունեցողների քվեարկության իրավունքը, որը հակասում է ընտրական օրենսգրքին: Նրա հայցը Պարգեւ Օհանյանը մերժում է:  «Միասնություն» դաշինքի առաջնորդները ընտրություններից 6 օր առաջ քարոզչություն են անում Երեւանի տարբեր համայնքներում: Խորհրդային Հայաստանի կոմկուսի նախկին առաջնորդ Կարեն Դեմիրճյանը տպավորությամբ, այսօր երկրում վիճակը լավ չի, բայց ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք։

2003-ի ընտրությունների քարոզարշավի այս օրերին «Արդարություն» դաշինքը Տավուշի մարզում է: Ամենուր Ստեփան Դեմիրճյանն արձանագրում է, որ նախագահի կեղծված ընտրություններից հետո ժողովուրդն ընկճված չէ։ 2007-ի ընտրություններին Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միության նախընտրական շտաբի պետ Վարդան Խաչատրյանն արդեն «Ժառանգություն» կուսակցության ցուցակով հավակնում է պատգամավորական աթոռի: Հիմա նա քարոզում է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին։

2007-ի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին Ազգային անվտանգության ծառայությունը կասկածում է ապօրինի ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու մեջ: Պարոն Արզումանյանի տունը խուզարկած ԱԱԾ-ականները նրա տանը հայտնաբերում են 55 հազար դոլար, որն ըստ որոշ տեղեկությունների, Մոսկվայից ուղարկել է գործարար Լեւոն Մարկոսը ընտրությունների ֆինանսավորման համար: Ի դեպ, նույն օրը ԱԱԾ-ականները խուզարկում են նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանը: Պարոն Շիրխանյանն ընդունում է, որ իրեն էլ են Մոսկվայից փող ուղարկել:  

2012-ի ընտրություններից 6 օր առաջ Վանաձորում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը ընտրողներին կոչ է անում այդ զենքով ճիշտ եւ դիպուկ կրակել եւ ամենակարեւորը՝ չվաճառել: Իսկ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը ընտրական մթնոլորտը ապականելու համար մեղադրում է ոչ թե մեծ ձկներին, այլ՝ փոքր։ Նոյեմբերյանում քարոզչություն իրականացնող Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին չի շփոթեցնում հանրահավաքին մարդկանց սակավությունը: Հեղափոխության համար պարտադիր չէ, որ մարդիկ փողոց դուրս, բավական է, որ քվեախուց մտնեն։ Սերժ Սարգսյանը Ավանում է: Նրան դիմավորում են աղ ու հացով: Սակայն այստեղ են նաեւ Թեղուտի անտառների ոչնչացման դեմ պայքարողները: Նրանք Հանրապետականի հանրահավաքին ներկայացել են բողոքի ցուցապաստառներով: Սակայն նրանց սպասում է Հանրապետական ընդդիմությունը։ Արտաշատի Ներքին եւ Վերին Դվիններում աղ ու հացով եւ գառ մորթելով են դիմավորում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին: Ոգեւորված գյուղացիները նկատում են, որ իրենց գյուղ վաղուց ոչ մեկը չի այցելել, օրերս եկել է մի հանրապետական, որը ընտրակաշառք է բաժանել։