Բացել լրահոսը Փակել լրահոսը
levon
A A
Քաղաքականություն

ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ազգային նպատակների իրականացման միակ ճանապարհն իրատեսությունն է։ Բոլոր փորձանքների աղբյուրը պատրանքներով առաջնորդվելն է։ Մեր պետությունը պետք է դուրս գա սին երազանքների քայքայիչ փակուղուց, ժողովրդին վերադարձնի ապահովության եւ արժանապատվության զգացումը, քաղաքացիների համար վերստեղծի զարգացման ու բարօրության հեռանկարը:

44-օրյա աղետալի պատերազմը խլեց մեր երիտասարդության սերուցքի հազարավոր կյանքեր, պատճառեց անթիվ հոգեւոր, տարածքային եւ տնտեսական կորուստներ, մահացու վտանգի առջեւ կանգնեցրեց հայոց պետականությունը։ Այդ պատերազմը չէր լինի, եթե Հայաստանն ընտրած լիներ ճիշտ ճանապարհը։

Վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, չի կարող շտկվել սովորական միջոցներով, պետական կառավարման ստանդարտ ծրագրերով։ Այս արտահերթ ընտրությունները չեն կարող դիտարկվել որպես Հայաստանում հերթական իշխանության ձեւավորման սովորական գործընթաց, այլ պետք է ընկալվեն որպես համակարգային քայքայումը կանխելու, հայոց պետականության փրկության հատուկ գործողություն։

Հետեւաբար, ժողովրդի դատին չենք ներկայացնում տարբեր ոլորտներում կառավարման հերթական ընտրական ծրագիր։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի նոր ճանապարհը եւ Հայաստանի նոր տան կառուցման ճանապարհին հետեւյալ առանցքային ուղենիշները.

  1. Անվտանգություն. Վերադառնալ քաղաքական իրատեսության սկզբունքներին, վերականգնել Հայաստանի անվտանգության համակարգը, ստեղծել Ռուսաստանի հետ համագործակցության եւ երկկողմ ռազմավարական շահերի ներդաշնակեցման ինստիտուցիոնալ մեխանիզմներ, վերակառուցել բանակը, Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների աջակցությամբ ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։
  2. Սահմանադրություն. Առաջիկա երկու տարիների ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով նախագահական-խորհրդարանական (կիսանախագահական) կառավարման համակարգին եւ հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության Նախագահի ընտրություններ:
  3. Տեխնոլոգիաներ. Հայաստանի ապագան կառուցել որպես տեխնոլոգիապես առաջավոր, էկոլոգիապես մաքուր արտադրությամբ ու գյուղատնտեսությամբ, սեփական քաղաքացիների եւ այցելուների համար հարմարավետ ու գրավիչ երկիր, տնտեսական զարգացման առանցքը համարելով առաջավոր տեխնոլոգիաների` ՏՏ–ն, արհեստական ինտելեկտը, նանոտեխնոլոգիաները, ժամանակակից էներգետիկան, էկոլոգիապես մաքուր ագրո- եւ բիոտեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության ու գյուղատնտեսության կայացումը, ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով ֆինանսավորել տեխնոլոգիաների առաջավոր սահմանին աշխատող ընկերությունների գիտահետազոտական եւ զարգացման (R&D) աշխատանքները, ընդունել երկրի գիտատեխնիկական արդիականացման դոկտրին։
  4. Տնտեսական մեկուսացման վերացում. Ձեռնարկել Մեղրիից դեպի Ռուսաստան եւ Սեւ Ծով «Հյուսիս-Հարավ» համակոմունիկացիոն (երկաթուղային, ավտոմոբիլային, լուսամալուխային) միջանցքի կառուցման նախագծի իրագործմանը մասնակցելու ակտիվ ջանքեր, նպաստել շահագրգիռ երկրների կոալիցիայի կառուցմանը եւ պետական երաշխիքների տրամադրմամբ ու «պետություն-մասնավոր գործընկերություն» (PPP) մոդելի իրագործմամբ նախագծի իրականացման համար անհրաժեշտ ներդրումային հիմնադրամի ձեւավորմանն ու իրացմանը։
  5. Տնտեսության խրախուսում. Պետական նոր տնտեսական քաղաքականության հարկային, մաքսային, խորհրդատվական, կազմակերպական գործիքներով, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծմամբ խրախուսել արտահանմանն ուղղված արտադրությունը, խթանել արդար մրցակցությունը:
  6. Ինտեգրացիա. Հայաստանի նոր քաղաքականության առանցքը դարձնել համաշխարհային տնտեսական համակարգի հետ ինտեգրացիան, շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ, Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բարեփոխումների ապահովման բնագավառում, միեւնույն ժամանակ գործուն աշխատանք տանել Հայաստանը տրանսպորտի եւ հաղորդակցման մայրուղի դարձնելու եւ խոշոր այլ ենթակառուցվածքային պրոյեկտներ իրականացնելու ուղղությամբ` այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Չինաստանը եւ Հնդկաստանը։
  7. Մարդկային կապիտալի զարգացում. Վերաիմաստավորել կրթության, գիտության, առողջապահության եւ մշակույթի պետական քաղաքականությունը որպես ներդրում մարդկային կապիտալի զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի մեջ, կիզակետ ընտրելով մարդուն, նրա զարգացումը, բարեկեցությունն ու կյանքի որակը, նրա ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը։
  8. Արդարադատություն. Արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացման նպատակով անցում կատարել ծանր եւ ոչ ծանր գործերի բաժանմամբ երկօղակ դատական համակարգին, համակարգում ներգրավել նոր, բանիմաց, որակյալ կադրերի, քրեական դատավարության մեջ ներդնել «համագործակցության վարույթ» կամ «մեղքի ընդունման գործարք» (plea bargaining) կոչվող դատավարական ինստիտուտը: