Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 20 օր առաջ. քվեարկությունից է կախված երկուսի սերը (տեսանյութ)

Հարգելի ընթերցողներ։

Ընտրություններին մնացել է 20 օր։

Ընտրական օրացույց շարքը մենք պատրաստել էինք 2017թ-ին։ 

 ԱԺ ընտրություններից 20 օր առաջ եկեք թերթենք խորհրդարանական նախորդ ընտրությունների էջերը։

Ինչ լոզունգներով էին պայքարում քաղաքական ուժերը, եւ ի՞նչ էր կատարվում․ առաջարկում ենք դիտել այս շարքը․․․

---------------------------------------

 

1995-ի ընտրությունների ընթացքում իշխանությունը աչք է փակում որոշ թեկնածուների օրինախախտ ճանապարհով առաջադրվելու վրա: 44-րդ ընտրատարածքում ՀՀՇ-ի թեկնածու Իշխան Զաքարյանի պաշտոնաթերթիկում ԿԸՀ-ն հայտնաբերում է հարյուրից ավելի կեղծ ստորագրութուններ: Չնայած դրան, Զաքարյանը գրանցվում է որպես թեկնածու: 1995-ի Ընտրական օրենսգրքով առաջադրվելու համար թեկնածուն պետք է ԿԸՀ ներկայացներ մի քանի հարյուր քաղաքացու ստորագրությամբ ընտրաթերթիկներ:

1999-ին Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը դատարանով ուզում է չեղյալ համարել 3-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Գագիկ Կոստանյանի գրանցումը: Դա պահանջել էին ոստիկանությունը եւ ընտրատարածքի թեկնածուներից մեկը՝ Լեւոն Եզեկյանը: Դատարանը մերժում է գրանցումը չեղյալ համարելը: Ըստ Կոստանյանի, Եզեկյանի մարդիկ ընտրարշավի օրերին հետապնդել եւ ծեծի են ենթարկել իր որդուն՝ 18-ամյա տղան ուղեղի ցնցումով հիվանդանոցում է : Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը 1999-ի ընտրություններում թույլ իշխանություն եւ ոչ օրինապահ ժողովուրդ ունենալուն է վերագրում բանակայինների ակտիվացումը խորհրդարանի ընտրություններին: Արցախյան պատերազմից հետո քաղաքականություն մտած հրացանավոր մարդու թեման սոցիոլոգի համար ողբերգություն է։

2003-ին ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը նախագահի ընտրություններին տված ԵԱՀԿ բացասական գնահատականի առիթով ասում է՝ լավ օրենքը լավ ընտրությունների երաշխիք չէ, իսկ 7 տարվա Սահմանադրություն ունեցող երկրից ժողովրդավարություն պահանջելը աբսուրդ է: Շիրակի մարզ քարոզարշավի մեկնած «Արդարություն» դաշինքի համար անակնկալ չեն հուսահատված մարդկանց բողոքները: Նրանք խոսում են ապրելու պայմանների բացակայությունից: Գյուղացիներն այնքան զայրացած են իշխանություններից, որ ընդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին խոսելու հերթ չեն տալիս։

2007-ի ընտրությունների մասնակից ՄԻԱԿ- քարոզչահոլովակները հիմնականում բեմականացված խոստումներ են: Խնամված ձայներով երիտասարդներն իրենց ձայնը տալու են ՄԻԱԿ-ին, որովհետեւ այնտեղ սիրում են կյանքը: Նույնիսկ երկու հոգու սերն է կախված այն բանից, թե նրանցից ով ինչպես է քվեարկելու

2012-ի քարոզարշավի այս օրը Մալաթիա Սեբաստիայի բնակիչները այս համայնքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանից իրականում Սերժ Սարգսյանի պատիվը չեն պաշտպանում, այլ՝ նույն ընտրատարածքի թեկնածու Սամվել Ալեքսանյանի: Բնակիչները դժգոհ են Փաշինյանի այցից՝ ինչու՞ է եկել, Ալեքսանյանը իրենց վատ չի կերակրում։

2012-ի խորհրդարանի ընտրություններից 20 օր առաջ Հայաստանի ոստիկանությունը հրապարակում է մայիսի 6-ի ընտրություններին Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 16-ի դրությամբ: Քվեարկության իրավունք ունեցողները  2 միլիոն 482 հազար 593 հոգի են։

Սյունիքում քարոզարշավ իրականացնող Հանրապետականը Սերժ Սարգսյանի շուրթերով ասում է՝ շարունակելու ենք ապառաժներ կոտրել եւ լավ բերքի համար կռիվ տալ հողի հետ, կրթել, բժշկել, աշխատատեղեր ստեղծել, բայց շատ ավելի մեծ քանակությամբ: Սարգսյանը սակայն ժամկետներ չի ասում, թե երբ է արվելու այդ ամենը։