Օրացույց․ 28-ը ապրիլի․ Ինչո՞ւ Ռ. Քոչարյանը թույլ չտվեց, որ Գ. Ջհանգիրյանը պարզաբանումներ ներկայացնի 27-ի գործով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի ռազմաօդային ինքնաթիռը 60 տոննա հումանիտար օգնություն է հասցնում դեռեւս չանկախացած Հայաստանին։Մասնագետներն ասում են՝ ճիշտ ժամանակին է ուղարկվում՝ տնտեսական անկումը հնարավոր չէ կանխել։
Այս օրերին արդեն անջատվել է գազամատակարարումը Ադրբեջանից, իսկ Վրաստանից ավելացվել է ընդամենը 1 միլիոն քմ-ով։ Վարչապետ Գագիկ Հարությունյանը հույս ունի, որ ավելացված գազով հնարավոր կլինի վերականգնել մի քանի ձեռնարկությունների աշխատանքը։
Հայ Առաքելական եկեղեցին 2000 թվականի ապրիլի 28-ին երեւանցի դպրոցականներին հավատացնում է՝ դուք հարություն եք առնելու մեռելներից։Եկեղեցու ներկայացուցիչը Ավանի 171-րդ դպրոցի երեխաներին տեղյակ է պահում Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության վտանգավորության մասին՝ պնդելով՝ նրանց առաջնորդը մանկապիղծ էր, ժխտում էր դժոխքը եւ կնամոլ էր։
Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն Ազգային Ժողովում պարզաբանումներ ներկայացնի հոկտեմբերի 27-ի գործով լսումներին։ 2000 թվականի այս օրն այս հարցի պատասխանը փորձում են գտնել Ազգային Ժողովում չներկայացված կուսակցությունները։ Նրանք կասկածներ ունեն, որ Քոչարյանը այս ոճրագործության մեջ շահեր ունի։ Աշոտ Մանուչարյանի գլխավորած Ազգային Համաձայնության ճակատը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է գաղտնազերծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի քիուեսթյան սկզբունքները։ Պարոն Մանուչարյանի մոտ հարցեր է առաջացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցուցադրական մասնակցությունը խնդրի կարգավորմանը, ինչպես նաեւ այն, որ մեր ղեկավարները չեն հերքում կարգավորման դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման հավանականությունը։
2002-ի ապրիլի 28-ին Երկրապահ կամավորականներն իրենց 5-րդ համագումարն են հրավիրում։ Նախագահ Մանվել Գրիգորյանն ասում է, որ միասնական են սպառնալիքների առջեւ։ Վազգեն Սարգսյանի մայրը համաձայն չէ՝ հոկտեմբերի 27-ից երկու տարի է անցել, ի՞նչ եք արել, որ այն բացահայտվի։
Երեւանի Արցախի 4-րդ նրբանցքի գեղարվեստի ուսումնարանի շենքի բնակիչները անձրեւային օրերին շենքի տարածքում քայլում են անձրեւանոցներով։ Այս շենքը 4-րդ կարգի վթարային շենք է՝ կառուցված 44 տարի առաջ։ 2011-ի ապրիլի 28-ին Հայ Ազգային Կոնգրեսի մի քանի համակիրներ շարժման ղեկավարությունից պահանջում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով անցնել պայքարի կոնկրետ ձեւերի, դիցուք, նստացույցի։ Արամ Մանուկյանն ասում է, որ հասկանում է մարդկանց, բայց սա շախմատ է, դա լուրջ խաղ է, մի քիչ էլ համբերեք։