Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ ապրիլի 24-ի օրերը․ Շերը Երեւանում բարձրացել էր Լենինի արձանի վրա (տեսանյութ)

Ապրիլի 24-երի համար ընդհանրական է ողջ օրվա ընթացքում չդադարող հարյուրհազարավոր մարդկանց լուռ երթը դեպի Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հիշատակին։  Այս տարիների ընթացքում եղել են իրադարձություններ, որոնք ինչ-որ կերպ տարբերվել են ամենամյա արարողակարգից։

1993-ի այս օրն, օրինակ, Հայաստանում էր աշխարհահռչակ երգիչ, դերասան Շերը՝ Շիրլին Սարգսյանը։ Նա, որպես քրիստոնյա, եղավ Էջմիածնի Մայր տաճարում, որպես հայ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Շերը հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, արվեստասեր հանրությանն էլ տեղեկացրեց, որ Միացյալ հայկական հիմնադրամի հետ հումանիտար օգնություն է բերել՝ դեղորայք, բուժտեխնիկա, իսկ համերգներով հայրենիքում հանդես կգա հաջորդ այցի ժամանակ։ Այցն առանց շոուբիզնեսի տարրի չանցավ։

1998-ի ապրիլի 24-ին հայ ազգին ուղերձ հղեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 1998-ի ապրիլի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ֆիլհարմոնիկ նվագախմբի սգո համերգն էր, որին ներկա էր նախագահի պաշտոնը նոր ստանձնած Ռոբերտ Քոչարյանը։

2000-ի ապրիլի 24-ի համերգը ասես 2 տարի առաջ կայացածի կրկնությունը լիներ։ Հանդիսատեսն էլ մոտավորապես նույնն էր։

2001-ի այս օրը Սփյուռքի կոմիտեում կայացած հավաքի մասնակիցները համոզված էին, որ Թուրքիան 21-րդ դարում էլ չի քաղաքակրթվել։

Նույն օրը գնահատական հնչեց, որ ցեղասպանության ճանաչման՝ Եվրոպայի երկրներում թափ առած գործընթացը քաղաքական է՝ Եվրոպան կամենում է կանխել Թուրքիայի մուտքը եվրաընտանիք։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առաջարկում էր ցեղասպանության ճանաչմանը հասնելու իր դեղատոմսը։

2001-ի ապրիլի 24-ին «Մանկական աշխարհ» պետական հանրախանութի կոլեկտիվը գիշերեց հանրախանութի շենքում։ Կոլեկտիվը բողոքում էր հանրախանութը աճուրդի հանելու՝ կառավարության որոշման դեմ։

Մոտ 200 աշխատակից մտավախություն ունեին, որ հանրախանութի մասնավորեցումից հետո իրենք կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում։

Տեսանյութը պատրաստվել է 2015թ-ին։