Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 8-ը ապրիլի. Վանո Սիրադեղյանն անհետացավ (տեսանյութ)

1992-ի ապրիլի 8-ին հրդեհ բռնկվեց Կոտայքի Բալահովիտ գյուղում տեղակայված ռազմական պահեստում։ Տարհանվեց մոտ 300 000 մարդ։

2000 թվականի այս օրը անհայտացավ ՀՀՇ վարչության նախագահ, նախկին ներքգործնախարար Վանո Սիրադեղյանը, ով մեղադրվում էր մի շարք սպանություններ պատվիրելու մեջ եւ ում նկատմամբ խափանման միջոցը նախօրեին խստացվել էր եւ կայացվել էր կալանավորման որոշում։ Սիրադեղյանի կուսակցական ընկերներն անհանգստացած էին։

Եթե Սիրադեղյանի գաղափարակիցներն անհանգստանում էին նրա անվտանգության համար, ապա իրավապահների մտահոգությունն այն էր, որ քրեական հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձը կարող է լքած լինել Հանրապետությունը։ Ապարդյուն խուզարկություններ էին կատարվում Սիրադեղյանի մտերիմների տներում։ Ոչինչ չբացահայտվեց նաեւ Սիրադեղյանի տան խուզարկությամբ։

Աշխույժ մթնոլորտ էր Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի պաշտոնաթերթ «Երկիր»-ի խմբագրությունում։ Ֆինանսական դժվարությունների պատճառով ընդհատված թերթի հրատարակումը վերսկսվելու էր, եւ խմբագրակազմը փոքրիկ շաբաթօրյակ էր կազմակերպել՝ մաքրման աշխատանքներ, ծառատունկ։ Նոր խմբագրապետը ընթերցողների բանակի աստիճանական աճ էր ակնկալում։

Հանրապետության ծանր սոցիալական վիճակը հատկապես զգացնել էր տալիս հեռավոր, սահմանամերձ բնակավայրերում։ Կապանում, Մեղրիում, օրինակ, բնակիչների մեծ մասը հացի խանութներում պարտատետրերում գրանցվելով՝ հանապազօրյա այդ ապրանքը ձեռք էին բերում նիսյայով։ Քիչ չէր այն բնակիչների քանակը, որոնց անուններին կարելի էր հանդիպել միանգամից մի քանի խանութների պարտատետրերում;

2003 թվականի ապրիլի 8-ին հայրենի Արարատի թիվ 25 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվեց Հայաստանի առաջին պաշտպանության նախարար, հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով մեղադրվում էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ եւ կալանավորված էր։

2011-ի այս օրը Երեւանում կայանալու էր ընդդիմության հանրահավաքը, եւ մայրաքաղաք եկող միջքաղաքային տրանսպորտը կաթվածահար վիճակում էր։

Հանրահավաքն, այնուամենայնիվ, կայացավ։ Այն սկսվեց մատենադարանի մոտից, ապա շարունակվեց երթով եւ ավարտվեց Ազատության հրապարակում։ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին քսանօրյա ժամկետ տվեց ընդիմության առաջնահերթ պահանջների կատարման համար՝ հայտարարելով, որ այդ ժամկետի ավարտը կդառնա կա՛մ երկխոսության, կա՛մ ջրբաժանի օր։