Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ֆերդինանտ Կարապետյանը 7-րդ տեղը գրավեց ձյուդոյի Թբիլիսիի մեծ մրցաշարում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մարտի 26-28-ը ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանին չհաջողվեց մեդալ նվաճել:  

Մեր 73 կգ քաշային ձյուդոյիստը վստահ մեկնարկեց մրցաշարում: Նա նախ ժամանակից շուտ հաղթեց իսրայելցի Իդո Լևինին, ապա ավստրիացի Լուկաս Ռեյտերին: 1/8 եզրափակիչում Ֆերդինանտ Կարապետյանը մեծ դժվարությամբ, միայն լրացուցիչ մրցափուլում կարողացավ առավելության հասնել մոնղոլ ձյուդոիստ Օդբայար Գանբաթարի նկատմամբ: 

Միգուցե դա էր պատճառը, որ մեր մարզիկը հաջորդ մրցամարտում անսպասելի պարտվեց կոսովցի Ակիլ Ջյակովային և դուրս մնաց առաջին տեղի համար պայքարից: Նա իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ մրցամարտում զիջեց տատամիի տերերից մեկին՝ վրացի Ալեկո Մամիաշվիլուն: 

Այդպիսով, Ֆերդինանտ Կարապետյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Նա վաստակեց վարկանիշային 260 միավոր, ինչը կարող է պետք գալ օլիմպիական ուղեգիր նվաճելու հարցում: