Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ուժեղ մրցակիցների հետ խաղերում տարօրինակ մրցավարության ենք հանդիպում. «Ռոմայի» մարզիչ

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան այսպես է մեկնաբանել Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրի խաղում սեփական դաշտում «Միլանից» կրած պարտությունը:

«Մենք անհաջող սկսեցինք խաղը: Առաջին 20 րոպեներին հաճախ էինք սխալվում, որի պատճառով մրցակցին հնարավորություն էինք տալիս արագ հակագրոհներ կազմակերպել: Հետո հաջողվեց հավասարեցնել խաղը, բայց «Միլանը» կրկին օգտվեց մեր պաշտպանների սխալից և առաջ անցավ: Մենք դեռ շատ անելիքներ ունենք թիմի խաղը կայունացնելու համար:

 Մրցավարության մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ կարող է թվալ, թե այդպես ցանկանում են արդարացնել մեր պարտությունը: Բայց պետք է նշեմ, որ ուժեղ մրցակիցների հետ խաղերում տարօրինակ մրցավարության ենք հանդիպում: Չգիտես ինչու, նման դրվագներում մրցավարները երկկակի ստանդարտ են կիրառում», - ասել է պորտուգալացի մասնագետը:

 Իտալական լրատվամիջոցներում քննարկման առարկա է դարձել Հենրիխ Մխիթարյանի հետ կապված դրվագը: Խաղի 80-րդ րոպեին «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը տուգանային հրապարակում փակում է հայ ֆուտբոլիստի առաջխաղացումը, սակայն մրցավարը ոչ միայն 11մ հարված չի նշանակում, այլև դեղին քարտ է ցույց տալիս նրան՝ իբր կեղծարարքի համար: «Ռոմայի» ֆուտբոլիստները և մարզիչները գլխավոր մրցավարից պահանջում են դիմել VAR համակարգի օգնությանը, սակայն վերջինս չի օգտվում այդ հնարավորությունից, այն դեպքում, որ առաջին խաղակեսում նա այդ եղանակով արդեն 11մ հարված էր նշանակել «Ռոմայի» դարպասին: 

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղակեսում նաև գրավել էր մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չեղարկել էր այն, քանի որ խաղի կանոնների խախտում էր արձանագրել «Ռոմայի» մեկ այլ խաղացողի կողմից:

Հռոմեական ակումբը 24 տուրից հետո վաստակել է 44 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը:  Հաջորդ խաղը «Ռոման» կանցկացնի մարտի 3-ին, «Ֆիորենտինայի» դաշտում: