Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Ճապոնիան հերքել է Տոկիոյի օլիմպիական խաղերը չեղարկելու փաստը

Բրիտանական The Times պարբերականը հայտնել է, որ Ճապոնիայի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները քննարկում են Տոկիոյի օլիմպիական խաղերը չեղարկելու և այն 2032 թվական տեղափոխելու հարցը։ Պատճառը կորոնավիրուսի նոր տեսակի տարածումն է ամբողջ աշխարհում։

«Մենք լիովին հերքում ենք բոլոր այդ լուրերը։ Ճապոնիայի կառավարությունում նման օրակարգ չկա։ Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք աշխարհում ստեղծված իրավիճակը, բայց ինքներս կորոշենք, թե երբ և ինչպես է պետք անցկացնել խաղերը։ Մինչև այդ Ճապոնիայի կառավարությունը կատարելու է իր բոլոր պարտականությունը», - կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում ասել է նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մանաբու Սակային։

Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան նույն օրը Սեյմի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կառավարությունը «հակավիրուսային հատուկ ծրագիր է մշակում օլիմպիական խաղերն անվտանգ անցկացնելու համար»։

Հիշեցնենք, որ 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերը, որոնք կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են, տեղի կունենան այս տարվա հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը։