Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

20-ամյա հրետանավորը զոհվել է մոր հետ խոսելուց կես ժամ անց

Հրետանավոր Սպարտակ Մնացականյանի կյանքն ընդհատվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ։  44 օր սահմանին կռվող եղեգնաձորցի երիտասարդի կյանքի թելը կտրեց թուրքական բայրաքթարը։   

20-ամյակը  լրացել էր  նրա մահվանից ընդամենը օրեր առաջ` նոյեմբերի 3-ին: Եղբայրը՝  Հայկը, որ նույնպես ծառայության մեջ էր և առաջնագծում, նրա հետ վերջին անգամ խոսել է հենց այդ օրը:

  Ընտանիքի հայրը՝ Լևոն Մնացականյանը, որ արդեն 28 տարի է` հայկական բանակի սպա է, փոխգնդապետ, այդ օրերին Մեղրիի շրջանում էր:

Սպարտակի մայրը, հորեղբայրը, հորաքույրն ու մորաքույրը նույնպես ծառայում են  հայոց բանակում։ Զինվորական ընտանիքում մեծացած  տղան, սակայն, չէր երազում  զինվորական դառնալ: Երազում էր դեսպան լինել Իրանում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում, ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը:

Երբ պատրաստվում էր ընդունելության քննություններին, Հայկի խոսքով,  հայոց պատմությունն նրա տարերքն էր դարձել։

«Երբ հայոց պատմության գրքերն էր կարդում, անընդհատ գալիս, ինձ ասում էր` նայի, սենց բան ենք ունեցել, կարդա, դու էլ սովորի: Ու տալիս էր, որ անպայման կարդամ», - պատմում է Հայկը:

Սպարտակն ուներ իր աշխարհը, որի  մասին ամենից շատ կիսվում էր  ամենամոտ ընկերոջ` Նարեկի հետ, որ նույնպես զոհվել է պատերազմում: Երբ միասին նստում էին, խոսում, ոչ ոք ոչինչ չէր հասկանում,- հիշում է զինվորի եղբայրը․

«Հարրի Փոթերի ֆիլմաշարն էր սիրում նայել: Ամեն մասը մի քանի անգամ նայում էր: Նյարդայնանում էի, ասում էի` Սպո, ինչի՞ ես ամեն անգամ նույնը նայում, ասում էր` բան չես հասկանում»։

  Սիրում եր նաեւ պատմական, պատերազմի մասին ֆիլմեր նայել։

Պատերազմի օրերին մոր հետ խոսելիս ասել  էր․   «Մամ, ոնց որ նայածս կինոներում լինեմ, բայց էստեղ ամեն ինչ ավելի բարդ ա»:  

Մայրը` Էմիլյա Խաչիկյանը, հիշում է՝ ինչպես որդուն ճանապարհեցին բանակ։

 «Երբ թուղթը քաշել էր, Մատաղիս էր ընկել, ուրախ-ուրախ զանգեց, ասաց` մամ, գիտե՞ս, Մատաղիս եմ ընկել»,  - պատմում է մայրը։

Ըստ նրա՝  բանակում էլ արդեն շատ լավ էր ծառայում, հրամանատարներն ասում էին` չկար մի բան, որ հարցնեինք,  ու Սպարտակը չիմանար թե՛ ծառայության հետ կապված, թե՛ զենքերի ու թե՛ իր զենքի` հրետանու: Հորից էր  ժառանգել  հրետանու հանդեպ սերը. նա էլ է հրետանավոր.

«Սպարտակը շատ գրագետ էր, հաշվարկներից լավ գլուխ էր հանում ու նաև լավ հիշողություն ուներ և իր համար առավել հեշտ էր հրետանու հետ գործ ունենալը, բոլոր նախնական հաշվարկներն իրականացնելը», - ասում է հայրը:

Չափից դուրս ընկերասեր ու նվիրված էր Սպարտակը: Նախանձը չգիտեր` ինչ է: Չկար մեկը, որ մեկ-երկու անգամ խոսեր նրա հետ ու չսիրեր,- պատմում է մայրը․

«20 տարվա մեջ ես իրեն երբեք տխուր չեմ տեսել, միշտ ուրախ էր: Անգամ եթե ներքուստ նեղված լիներ, երբեք  ժպիտը դեմքից չէր պակասում»:

Մայրը վերջին անգամ Սպարտակի հետ խոսել է զոհվելուց մոտ կես ժամ առաջ: Արկերի, կրակոցների ձայնից անհանգստացած` մայրն ինչպես միշտ հարցրել է` Սպարտակ ջան, իրե՞նք են այդքան հարվածում, իր բնավորության համաձայն հանգստացրել է մորը․ «Չէ, մամ ջան, էս պահին մենք ենք պարապում»: