Մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս․ Ուժեղ Հայաստան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ։ Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակը։ Ապրիլի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով գտնվում էին Կոտայքի մարզում։ Առաջին կանգառը Չարենցավան քաղաքում էր, որտեղ 6-րդ թաղամաս, 6-23 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։
Դիմելով գրասենյակի բացմանը եկած չարենցավանցիներին՝ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշեց, որ Չարենցավան քաղաքը Հայաստանում աշխատանքի խորհրդանիշն է՝ վերհիշելով քաղաքի երբեմնի արդյունաբերական լուրջ պոտենցիալը։ Նարեկ Կարապետյանը ափսոսանք հայտնեց առ այն, որ քաղաքի երբեմնի արդյունաբերական փառքից մնացել են միայն մի քանի հիմնարկներ և շնորհակալություն հայտնեց այդ հիմնարկների կազմակերպիչներին։ Նարեկ Կարապետյանը հավելեց, որ քաղաքում գործարանների մեծ մասը փակվել են, իսկ սարքավորումների ու հոսքագծերի մեծ մասը՝ օտարվել:
«Ձեզ մեկ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք, թե ինչ է լինելու 42 օր հետո՝ երկրում փոփոխություններ բերելուց հետո, Սամվել Կարապետյանի՝ առաջնորդությունը ստանձնելուց հետո: Մեկ օրինակ ընդամենը. մեր երկիրը տարին ներմուծում է՝ oտար երկրներին գումար է ուղարկում, տարեկան 60 միլիոն դոլարի ցինկապատ ապրանք՝ մետաղ: Իսկ գիտե՞ք՝ ինչ է արտահանում մեր երկիրը: Տարեկան 20 միլիոնի հում ցինկ: Ցինկը արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում: Ի՞նչն է խնդիրը, որ դա մեր երկրում չենք անում: Ի՞նչն է խնդիրը, որ այստեղ չենք անում՝ այս քաղաքում: Մի բանը՝ առաջնորդը: Առաջնորդ, որը կկազմակերպի դա՝ հարյուրավոր, հազարավոր աշխատատեղերով: Երբ ասում են՝ ո՞նց եք ստեղծելու այդ աշխատատեղերը, հենց այսպես ենք ստեղծելու: Երկիրը չի ներմուծելու, երկիրը ինքն է արտադրելու, որովհետև ով, եթե ոչ դուք, գիտեք՝ ինչ է արտադրություն»,- ասաց նա։