«Ինձ համար հայերը շատ հարազատ են ու Հայաստանը՝ շատ սիրելի». Բորիս Գրաչևսկու հիշատակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հումորը միջազգային լեզու է, և սա է գրավականը, որ խորհրդային տարիների մանկության սիրված «Երալաշն» այսօր էլ ունի իր հանդիսատեսը հետխորհրդային երկրներում»,- ասում էր մանկական կինոհանդեսի հիմնադիր, ռեժիսոր Բորիս Գրաչևսկին:
1974-ի սեպտեմբերի 11-ին առաջին անգամ խորհրդային կինոթատրոնների մեծ էկրաններին ցուցադրվեց «Երալաշ» մանկական երգիծական կինոհանդեսի առաջին թողարկումը: Որոշ ժամանակ անց «Երալաշը» սկսեցին հեռարձակել հեռուստատեսությամբ և դարձավ ոչ մեկ սերունդի սպասված ու սիրելի կինոհանդեսը:
Բորիս Գրաչևսկու խոսքով՝ երեխաների հետ պետք է խոսել իրենց լեզվով, քանի որ տեղեկատվական հոսքն ու ընտրության հնարավորությունն այսօր այնքան մեծ է, որ եթե ցանկանում ես հետաքրքիր լինել, ասելիքդ տեղ հասնի, պետք է ժամանակի հետ համընթաց քայլես:
«Ինձ համար հայերը շատ հարազատ են ու Հայաստանը՝ շատ սիրելի: Այդ իսկ պատճառով ձեր երկիր այցելելու առիթը երբեք բաց չեմ թողնում գալ»,- նշում էր Գրաչևսկին։
Նա «Ռոլան» մանկապատանեկան փառատոնի բարեկամներից էր և միշտ մասնակցում էր փառանոնին թե իր ֆիլմերով, թե անձամբ։
Հայաստանյան այցերից մեկի ժամանակ «Ա1+»-ը, փառատոնի կազմակերպիչների և Բորիս Գրաչևսկու հետ մեկնեց Լոռու մարզ, որտեղ ռեժիսորն ցանկություն էր հայտնել անձնապես հանդիպելու մարզաբնակ երեխաներին ու ներկայացնելու «Երալաշի» ֆիլմերը: Վանաձորից Գրաչևսկին հասավ մինչև Թեղուտ և Շնող: Երեխաներից առավել ուրախ էին կարծես նրանց մայրիկներն ու հայրիկները, որոնց համար հանդիպումը իրենց մանկության սիրված «Երալաշի» հեղինակի հետ տոն էր:
«Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին այսօր հրաժեշտ է տվել կյանքին 71 տարեկան հասակում։