Ախթալայում նոր կամուրջ է կառուցվում․ իրանական կազմակերպություն է իրականացնում շինարարությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱխթալայում մեկնարկել են նոր կամրջի կառուցման աշխատանքները: Շինարարությունն իրականացնում է իրանական «Թունել Սադդ Արիանա» կազմակերպությունը: Աբդուլլո Հակիմզոդայի խոսքով՝ կամուրջը լինելու է մետաղական, ճիշտ այնպիսին, ինչպիսին Սանահին կայարանում է տեղադրվել: Կառուցվում է Իրանում, այստեղ հավաքվելու է, բայց մինչև այդ կամրջի համար հիմքեր են կառուցվելու:
«Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, ապա կսկսվեն ամրացման ու երկու հիմքերի կառուցման աշխատանքները, որոնց վրա տեղադրվելու է կամուրջը»,-ասում է աշխղեկ Աբդուլլո Հակիմզոդան:
Մետաղական կամուրջը կունենա 39 մետր երկարություն, 5,2 մետր լայնություն և երկու կողմից հետիոտնային անցումներ:
Կամուրջը կառուցվում է կառավարության կողմից հաստատված ծրագրով:
Ախթալան ու հարակից՝ Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան և Քարկոփ բնակավայրերը Մ6 միջպետական ավտոճանապարհին կապելու համար բացի այս՝ Ախթալայում կկառուցվի ևս մեկ կամուրջ, ասում է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
«Երկու կամուրջ կառուցելու իմաստը հետևյալն է.մեկը լինելու է բեռնատար ավտոմեքենաների համար, մյուսը՝ թեթև մարդատարների և հետիոտնի»,-ասում է Ալավերդի համայնքի ղեկավարը:
Անկյուն+3