Վաշինգտոնը զգուշացրել է Անկարային՝ «Համասի» առաջնորդներին ապաստան տրամադրելու վերաբերյալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս ամսվա սկզբին Կատարը հայտարարել է, թե «Համասի» քաղաքական ղեկավարները հեռացել են իր տարածքից։ Նրանցից մի քանիսը մեկնել են Թուրքիա, ինչը հանգեցրել է Վաշինգտոնի դժգոհությանը, որտեղից հորդորել են թուրքական կառավարությանը ապաստան չտրամադրել ահաբեկչական խմբավորում ճանաչված խմբավորման ներկայացուցիչներին
Այս ամսվա սկզբին Կատարի իշխանությունները հայտարարեցին, թե դադարեցնում են Իսրայելի ու «Համասի» միջև միջնորդական ջանքերը՝ նշելով, որ պաղեստինյան խմբաբվորման ներկայացուցիչները հեռացել են Պարսից ծոցի այդ երկրից:
Ժամանակ անց Վաշինգտոնը զգուշացրեց Թուրքիային՝ չհյուրընկալել «Համասի» ղեկավարներին:
«Չենք կարծում, որ դաժան ահաբեկչական կազմակերպության ղեկավարները պետք է հարմարավետ կյանք վարեն որևէ վայրում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցաբերած աջակցությունը «Համասին»՝ այն ներկայացնելով որպես ազատագրական շարժում: Էրդողանն, անգամ, երկրում սգո օր հայտարարեց՝ «Համասի» ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ:
Դիտորդները նշում են՝ «Համասի» ղեկավարները հաճախ են այցելում Թուրքիա:
«Տարիներ շարունակ գալիս-գնում են Թուրքիա: Հանիյեն, որը սպանվեց Իսրայելի կողմից Թեհրանում, Թուրքիայում էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին»,- ասում է Վիեննայում գտնվող Հումանիտար գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Սոլի Օզելը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ընդգծել է՝ Թուրքիայում «Համասի» քաղաքական գրասենյակ բացելու ծրագրեր չկան, սակայն Անկարան կշարունակի իր ներգրավման քաղաքականությունը և կհյուրընկալի «Համասի» անդամներին:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն ու մի շարք երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն:
«Նախ՝ Անկարան կշարունակի առաջնոդվել իր դիրքորոշմամբ՝ [ընդունելով «Համասի» ներկայացուցիչներին]։ Երկրորդ՝ կշարունակվի երկխոսությունը «Համասի» հետ՝ խաղաղություն հաստատելու համար։ Շտապ անհրաժեշտ է հաստատել խաղաղություն և կայունություն։ Եթե կտրենք այդ կապը «Համասի» հետ, ապա ում հետ պետք է խոսենք»,- ասում է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Ջաշինը:
Իսրայելը թիրախավորում է «Համասի» ղեկավարներին՝ ձգտելով սպանել նրանց, սակայն մինչ այժմ Թուրքիայի տարածքում որևէ հարձակում չի եղել «Համասի» ներկայացուցիչների դեմ: Հրեական պետությունը ընդգծում է՝ «Համասը» չպետք է Թուրքիան դիտարկի որպես իր համար ապահով երկիր:
«Իսրայելի առաջնորդները կգտնեն «Համասի» ղեկավարներին ու կթիրախավորեն նրանց, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Սակայն Թուրքիան զգուշացրել է Իսրայելին՝ չգործել իր տարածքում։ Սա ավելորդ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում, ուր արդեն իսկ լարված իրավիճակ է»,- ասում է Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի ներկայացուցիչ Գալիա Լինդենշտրաուսը։
Հայտնի է, որ տակավին «Համասի» ձեռքում են ավելի քան հարյուր իսրայելցի պատանդներ, և դիտորդների խոսքով՝ չնայած Անկարային ուղղված Իսրայելի քննադատությանը, «Համասի» հետ Թուրքիայի կապերը Իսրայելի համար մնում են օգտակար։ Սա ակնհայտ դարձավ այս ամիս, երբ հաղորդվեց, որ Իսրայելի Շին Բեթ՝ ներքին անվտանգության գործակալության ղեկավարը Թուրքիայում հանդիպել է իր գործընկերոջը:
«Թուրքիան և Իսրայելը ունեն իրենց հարաբերությունները՝ մի կողմից հրապարակային, մյուս կողմից՝ դիվանագիտական ու անվտանգության ոլորտում։ Միշտ այդպես է եղել»,- ասում է Սոլի Օզելը:
Հայտնի է, որ իսրայելցիները ջերմորեն արձագանքեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին, ինչը, ըստ դիտորդների, վկայում է, որ Թրամփի վարչակազմը ավելի իսրայելամետ է լինելու, և եթե այդպես է, ապա «Համասի» հարցում Անկարայի դիրքորոշումը կարող է լարվածություն առաջ բերել ամերիկա-թուրքական հարաբերություններում։