Օրացույց․ 26-ը նոյեմբերի․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1993-ի այս օրերին հայկական դրամը սահուն մտնում է մեր կենցաղ։ 100 դրամն արժե 7 դոլար։ Սակայն բոլորը չէ, որ հնարավորություն ունեն նույնիսկ այդքան փող ունենալու։ Խանութներում ապրանքների մի մասը դեռեւս խորհրդային ռուբլու գներով են։ Նոյեմբերի 27-ին կլրանա 5-րդ օրը, երբ քաղաքացիներն իրենց մոտ եղած խորհրդային ռուբլին կկարողանան փոխանակել հայկական դրամով։ Սպասվում է, որ դրամը վճարման հիմնական միջոց կդառնա նաեւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ նույնպես նոյեմբերի 22-ից սկսել են հին ռուբլու սահմանափակ փոխանակումը դրամով։
1997-ի այս օրերին անարադար դատավարությունները Հայաստանում դառնում են նույնքան բնական մի բան, ինչպես բողոքի ցույցերը նախագահականի մոտ։
Նոյեմբերի 26-ին Տեր-Պետրոսյանի դուռն են եկել ավելի քան մեկ տարի առաջ Արմավիրի զորամասում զինվորի սպանության մեջ կասկածվող երկու սերժանտների հարազատները։ Հայաստանցի մի քանի տասնյակ երեխա 1997-ի այս օրն առաջին անգամ մեծ էկրանից կինո է դիտում։
Այսօրվանից սկսել է աշխատել երկար ժամանակ անգործության մատնված «Պիոներ» կինոթատրոնը։ Օրվա ֆիլմը խորհրդային պիոներների սիրո պատմություն է։ ԱԺՄ նախագահ Վազգեն Սարգսյանը լուրջ չի վերաբերվում Հայաստանի խորհրդարանին, այն ենթարկվում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։
Մի գիշերում երկրապահացած խորհրդարանը Մանուկյանի տպավորությամբ հանկարծ սկսել է հարձակվել նախորդ իշխանությունների վրա։ Նույն օրը Երկրապահները նաեւ խորհրդարանական խմբակցությունների թեման են։ Բաբկեն Արարքցյանի կարծիքով, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը գնում է դեպի նախագահի աթոռ՝ հայտարարելով, որ պատրաստ է գլխավորել Հանրապետական-Երկրապահ շարժումը։ Ալբերտ Բազեյանը հիշեցնում է, որ Վազգեն Սարգսյանը քաղաքացիական անձ է, չունի զինվորական կոչում եւ կարող է գլխավորել Հանրապետական-Երկրապահ շարժումը։
Նույն օրը խորհրդարանի համաներման հանձնաժողովի անդամներն այցելում են Կոշի եւ Աբովյանի դաստիարակչական ուղղիչ գաղութ։ Եկել էին հասկանալու՝ ովքե՞ր են համաներվողները։ Պարզվում է, որ համաներումից հետո ոմանք դեռ բանտերում են՝ դատարաններից համաներման թղթերը գաղութ են գալիս կիսատ-պռատ։
1999-ի նոյեմբերի 26-ին սկանդալ է տեղի ունենում Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ կուսակցության համագումարի ժամանակ։ Հայրիկյանը հրաժարական է տալիս առաջնորդի պաշտոնից եւ նախագահի թիկնոցը գցում իր տեղակալի ուսերին։ Այդ աթոռին հավակնող եւ ԱԻՄ-ից օրերս հեռացված Արամ Հարությունյանին դա դուր չի գալիս։ Նույն օրը պայթյուն է տեղի ունենում Ռուսաստանի դեսպանատան հետնաբակում։ Զոհեր եւ ավերածություններ չկան, վնասվել է երկու ավտոմեքենա։ Ամենայն հավանականությամբ նռնակ է պայթել։ Ազատամարտի վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը 2000-ի նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարանից ետ է վերցնում Մասիսի թիվ 29 ընտրատարածքում խորհրդարանի ընտրություններն անվավեր ճանաչելու հայցադիմումը։ Միության մյուս համանախագահներին Միհրան Մովսիսյանի արածը դուր չի եկել եւ ուզում են, որ այս մարդը հեռանա։ Ինքը կհեռանա։
2000-ի այս օրը կոմունիստները Գյումրիում հայտարարում են՝ մեզ պետք է նախագահական կառավարման համակարգից անցնել խորհրդարանական համակարգի։ Կուսակցության առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը գյումրեցիներին ասում է, որ Հայաստանին, այնուամենայնիվ, կփրկի Ռուսաստան-Բելառուս միությանը միանալը։ Ֆրանսիայի կառավարությունը Հայաստանին մոտ 2 միլիոն դոլարի ալյուր է նվիրում։
2000-ի այս օրը Հայաստան է մտնում 6 հազար 150 տոննա ալյուրի առաջին խմբաքանակը։ Դեսպան Միշել Լեգրան հույս ունի, որ ալյուրը կհասնի հենց աղքատներին։ Արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2001-ի նոյեմբերի 26-ին լրագրողներին ասում է, որ Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորվելու իրավական փաստերը շատ ամուր են, բայց դա չի նշանակում, որ հենց այդ հարցերն են քննարկվում հայ-ադրբեջանական բանակցություններում։ Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանին ամենեւին դուր չի գալիս, երբ ասպիրանտները փողոց են դուրս գալիս բողոքելու իրենց բանակ տանելու որոշման դեմ։ «Նրանք մեր վաղվա էլիտան են»,-ասպիրանտներին հեգնում է դաշնակցական նախարարը։
2002-ի այս օրը քաղաքացիական նախաձեռնությամբ 2003-ի նախագահի թեկնածու է առաջադրվում Ռոբերտ Քոչարյանը։
2012-ի այս օրը հանրապետական Համլետ Հարությունյանն ասում է, որ իր կուսակցությունը բարձրացրել է հայաստանցու կենսամակարդակը եւ 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձն էլ առանձնապես քիչ չէ։