Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: Ավելի ուշ փոքր չափի մեքենասարքավորումներով սկսվել է նաև մայթերը մաքրելու գործընթացը:
Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները երթևեկելի են եղել՝ անգամ բարդ տեղանքով հատվածներում: Հատկանշենք, որ վթարներից խուսափելու, ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև փոխադրամիջոցների արհեստական կուտակումներից խուսափելու համար պարտադիր պայման է ձմեռային անվադողերով երթևեկելը: Մեկ հիշեցում ևս. 2009թ. Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո՝ ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները: