Գրոսմասյտեր Շանթ Սարգսյանը աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի պատանեկան օնլայն առաջնությունում ավարտվեցին ընտրական փուլի մրցաշարերը: Հայաստանի պատանի շախմատիստներից միայն Շանթ Սարգսյանին հաջողվեց հաղթահարել առաջին արգելքը և մտնել փլեյ-օֆֆ:
Մինչև 18 տարեկանների մրցաշարում մեր պատանի գրոսմայստերը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և բաժանեց 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և իրավունք նվաճեց մասնակցելու 1/8 եզրափակիչ փուլին:
Շանթ Սարգսյանին կարող էր միանալ նաև Արթուր Դավթյանը, որը վերջին տուրում հանդիպում էր առաջատարներից մեկի՝ Ֆրանչեսկո Սոնիսի հետ: Ավաղ, մեր շախմատիստը պարտություն կրեց և 4,5 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը, իսկ ահա իտալացի միջազգային վարպետը 6 միավորով գրավեց առաջին հորիզոնականը:
Մինչև 16 տարեկանների մրցաշարում երեք ուղեգրերի համար մերոնցից հիմնականում պայքարում էր Մամիկոն Ղարիբյանը: Ավաղ, վերջին տուրում նա պարտվեց դանիացի մրցակցին և վաստակած 4,5 միավորով ի վերջո բավարարվեց 11-րդ տեղով:
Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆը կմեկնարկի դեկտեմբերի 19-ին: Չորս աշխարհամասերից 1/8 եզրափակիչ մտած 16 շախմատիստները նոկաուտ մրցակարգով կպայքարեն չեմպիոնի կոչման և մրցանակային տեղերի համար: Շանթ Սարգսյանի առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա այն ժամանակ, երբ կավարտվեն բոլոր գոտիների ընտրական մրցաշարերը: