Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պատրաստվում են անժամկետ գիշերել այգում. նստացույց ԿԲ-ի դիմաց (տեսանյութ)

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները առավոտվանից  նստացույց են սկսել Կենտրոնական բանկի դիմաց։ 

Նրանք իրենց հետ  քնապարկեր են բերել և  պատրաստվում են անժամկետ գիշերել  ԿԲ-ի դիմացի այգում։ Քաղաքացիներին նույնպես հորդորում են միանալ իրենց նստացույցին։

Նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդեց՝ պահանջում են մեկ տարի վարկային արձակուրդ, ինչը, ըստ նրա, հրատապ է։

Մանուկյանի խոսքով՝   երեք ամիսների ընթացքում պահանջներ ներկայացրել են, սակայն որևէ տեղաշարժ չկա, մինչդեռ իրենց դիմել են հազարավոր քաղաքացիներ

«Նստացույցի նպատակն է, որ այս տարածքում հավաքվեն հազարավոր մարդիկ և ապացուցեն, որ վարկային այդ թալանը միասնական կարողանալու ենք կանգնեցնել։ Այսօր մարդիկ կորցնում են տներ, մեքենաներ, և անտարբերության է մատնված այդ հարցը։ Դիմել ենք նամակներով և դիմումներով, բայց չկա կոնկրետ տեղաշարժ, գործողություն։ Սպասելու տեղ և ժամանակ չկա, որովհետև մարդը չի կարող առանց տուն ապրել, մարդը չի կարող իր երեխայի հացի գումարը տալ վաշխառուներին և տանը պարապ նստել»։ 

Մանուկյանը պնդում է՝ քաղաքացիները գիտակցել են, որ բանկերը իրենց թալանել են, այսօր խոսելու ժամանակն է։ 

Նրա խոսքերով՝ ժողովուրդը պարտավոր չի մնալ վարկային բեռի ծանրաբեռնվածության տակ, մանավանդ կորոնավիրուսի պայմաններում

 «Քաղաքացին այսօր շատ ծանր իրավիճակում է, և նրան ուշքի գալու համար ժամանակ է պետք։Վարկային կազմակերպություններն արտակարգ դրության ժամանակ ժողովրդին հոգեբանորեն ճնշել են, և իրենց բարձր տոկոսների արդյունքում մարդկանց թալանել են»։

Մանուկյանը պնդում է՝ բանկերը կարող են սառեցնել տոկոսները պետության օգնությամբ։