Բացել լրահոսը Փակել լրահոսը
839EE9A1-B80E-4531-A111-AF7EA53B6FC5_w1200_r1
A A
Հասարակություն

«Շուտափույթ բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարանում»․ Սարգիս Քլոյանը՝ Ռ․ Քոչարյանի ազատ արձակման մասին

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը,  ասում է՝ խոսքեր չի գտնում, իրենց «ամբողջ տանջանքը ջուրն ընկավ»։

«Մենք դատական նիստի ժամանակ արդեն զգացել էինք՝ ինչ է կատարվում, դատավորի դեմքից էլ, իմ հարցերին պատասխանելուց էր պարզ էր , որ 100 տոկոսով փոխելու է խափանման միջոցը»։

Թեև Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ 2 մլրդ դրամ գրավի չափը ՀՀ-ում աննախադեպ է, սակայն Քլոյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանի համար սա մեծ գումար չէ

«Քոչարյանի համար 2 մլրդը 2 հազար դրամ է, ինչ է, որ չբերի, մուծի»։

Զոհվածի հայրը նշեց, թեև պաշտպանական կողմի ցանկությունը կատարվեց, բայց հարցը այդպես չի մնալու․

«Մենք շուտափույթ բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարանում»,-հայտնեց Քլոյանը՝ հավելելով, որ որոշումը սպասելի էր հենց այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցավ։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը:

Քոչարյանը  կալանքից ազատ արձակվեց, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 միլիարդ դրամ գրավի չափով։

Նշենք` Գլխավոր դատախազությունից հայտնեցին,որ կմեկնաբանեն դատական որոշումը ստանալուց հետո։