Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան մրցույթը առաջինն է աշխարհում, որ պաշտոնապես անցկացվում է օնլայն

«Աշխարհի շատ հեղինակավոր մրցույթների կազմակերպիչներ այսօր հետաքրքրված են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթով և ցանկություն են հայտնում շփվել մեր թիմի հետ ու իմանալ, թե ինչպես ենք կարողացել իրականացրել մեր ծրագիրը: Ավելին ասեմ, շատ մրցույթներ չեղարկվել են, քանի որ չեն կարողացել ներկայացնել այնպիսի մի տեխնիկական ծրագիր, որ հավատ ներշնչի և կարողանա կայանալ: Մենք դա կարողացանք անել: Եվ սա առաջին մրցույթն է աշխարհում, որ անցկացվում է օնլայն մրցույթի բոլոր կանոնների պահպանմամբ, թե ձայնային որակի, թե ժյուրիների ներկայության, թե նվագախմբի առկայության: Մենք շատ ենք սիրում նորարարական բաներ, բայց դա ինքնանպատակ չէ: Նորագույն տեխնոլոգիաներն ընդամենը գործիք են, որով ներկայացնում ենք մեր գլոբալ ասելիքը, որը երաժշտարվեստն է»։

Այսօր՝ հունիսի 15-ին, կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փակման արարողությունը, առցանց ձևաչափով, որն այս տարի անցնում է ջութակ մասնագիտությամբ։ Առաջին մրցանակակիրը կստանա 10.000 դոլարին համարժեք գումար, երկրորդը՝ 5000, իսկ երրորդը՝ 3000: Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ: Մրցույթի միակ փոփոխությունն այն է, որ համավարակով պայմանավորված՝ չեղարկվել է մասնակցության համար նախատեսված վճարը:

«Ա1+»-ը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ մրցույթի անցկացման խնդիրների, արհեստական բանականության հնարավորությունների, երաժշտարվեստում առցանց հարթակի նոր հնարավորությունների շուրջ: 


- Պարոն Սմբատյան, այս օրերին շատ է խոսվում մասնավորապես երաժշտարվեստում օնլայն հարթակի նոր հնարավորությունների մասին: Նաև նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, արհեստական բանականության կիրառումը նոր շունչ կարող են հաղորդել: 

- Պետք չէ չափազանցնել օնլայն հարթակի դերը մեր կյանքում, սա կարող է դիտարկվի ընդամենը որպես գործիք, որով մենք այս պահին աշխատում ենք ու ներկայացնում ենք երաժշտարվեստը:

Մենք, երևի թե ամենաակտիվ երաժշտական թիմն ենք, որ շատ հստակ պատկերացրեցինք, որ պետք է մեր ակտիվ գործունեությունը տեղափոխել օնլայն հարթակ, որովհետև դա համավարակի ժամանակահատվածի միակ կոմունիակացիայի միջոցն է, որը չունի այս պահին խնդիր:

Փորձել ենք մեր 450 ժամանոց ձայնագրությունների արխիվը ներկայացնել, որը նույնպես մեծագույն արժեք է մեզ համար: Առցանց վարպետության դասերի ֆորմատը նաև որդեգրեցինք, որը ևս շատ կարևոր է երիտասարդ սերնդի կրթության համար:

- Դուք որոշում կայացրեցիք նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը իրականացնել առցանց ձևաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ 

-Ասեմ, որ սա, ինչ խոսք, համարձակ որոշում էր, որն իրականացավ: Ի դեպ, Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիան մեզ նամակ ուղարկեց երկու օր առաջ, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ճանաչվել է տեխնոլոգիական ծրագրով անցկացվող միակ մրցույթը: Սա կարելի է ասել, որ համավարակի ժամանակահատվածում աշխարհում միակ մրցույթն է, որ անցնում է հայտարարված օրը և իրականացնում հիմնական առաքելությունը, այն է հիշեցնել աշխարհին Արամ Խաչատրյանի  երաժշտության մասին և բացահայտել երիտասարդ շնորհալի երաժիշտներին

- Պարոն Սմբատյան կմանրամասնե՞ք ինչ խնդիր է լուծում այս դեպքում արհեստական բանականությունը: 

- Արհեստական բանականության խնդիրն այն է, որ մենք ունենք նվագախումբ Հայաստանում և մենակատարներ աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվա, Լոնդոն, Նյու-Յորք, և արհեստական բանականությունն այն գործիքն է, որը որ կարողանում է տրանսֆորմացնել նվագախմբի նվագակցությունը մենակատարի ցանկություններին: Այսինքն մենակատարի մեկնաբանությունը կարողանալու է աշխատել նվագախմբի հնչողության հետ: Սա առաջին անգամ է երբ այդ հավելվածի միջոցով իրականանալու է նվագախումբ - մենակատար կապը:

- Ի՞նչ դժվարություններ եղան մրցույթի իրականացման ճանապարհին:

- Անսահման: Դրամատիկ շատ պահեր ենք ապրել: Եվ տեխնիկական խնդիրներ, կապված համացանցի հետ և տարբեր ժամային գոտիների առումով ծագեցին խնդիրներ: Մի խոսքով անընդհատ ինչ-որ բան փորձել ենք հարթել: Սակայն հիմա, երբ տեսնում ենք դիտումների մեծաթիվ  քանակը, ջերմ գրառումները, որոնք հենց այն շունչն են, որ ստանում ենք մեր ունկնդրից և հասկանում ենք, որ արժեր այս ամենը հաղթահարել:

- Իսկ ինչո՞վ է տարբերվում օնլայն հանդիսատեսը և դահլիճում նստածից: Չէ՞ որ մի բան է կենդանի շփումը և մեկ այլ զգացում էկրանից այն կողմ, թե՛ երաժիշտի համար, և թե՛ հանդիսատեսի։

- Իհարկե երաժշտասեր հանրությունը շատ է ծավալվում այն խնդրի շուրջ, որ կենդանի երաժշտությանը որևէ օնլայն հարթակ փոխարինել չի կարող: Նույնպես և ձայնագրությունը չի կարող տալ այն զգացումը, որ վայելում է դահլիճում նստած հանդիսատեսը: Սակայն ասեմ, որ ես այնքան էլ համամիտ չեմ: Իմ սիրած երաժիշտներից շատերին ես լսել եմ ձայնագրությամբ և ոչ կենդանի հնչողությամբ, քանի որ նրանք կատարել են այն ժամանակ, երբ ես դեռ չէի ծնվել, և ի՞նչ: Մարդու էմոցիոնալ պաշարը չի ճանաչում ձայնագրություն կամ կենդանի հնչողություն: Էմոցիաները երկու դեպքում էլ, թե դրական կարող են լինել, թե բացասական: Երաժշտությունն այն ունիկալ արվեստներից է, որը կարողանում է իր արժեքը տրանսֆորմացնել դեպի տեխնոլոգիաներ և մնալ մարդկանց կյանքում յուրաքանչյուր ֆորմատով: Սա չի նշանակում, որ օնլայն ֆորմատն ավելի լավ է, իհարկե ոչ, սակայն մենք այսօր ունենք այն, ինչ ունենք և հասկանանք, որ այն ինչ ունենք նաև նոր հնարավորության դուռ է բացել և սա է դրականը: Սա կյանքի էտապ է: Որևէ մեկը չէր պատկերացնում, որ տեխնոլոգիաների միջոցով  բովանդակային իմաստ կգտնի թե արվեստը, թե կրթությունը և շատ այլ ոլորտներ: Մենք հիմա սա իմացանք: Տա Աստված, այս համավարակը շուտ ավարտվի և մարդիկ որոշեն, որ օնլայն հարթակն իրենց այլևս պետք չէ, հետաքրքիր չէ և որոշեն չօգտվել նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից ու գնան, ասպես ասած, մարդկային շփումների ճանապարհով: Սա կլինի յուրաքանչյուր անհատի որոշումը: Իսկ առայժմ պետք է ուրախ լինենք, որ կա այս հնարավորությունը: Ասում են նորագույն տեխնոլոգիաները չարիք են մարդկության համար: Չմոռանանք, որ հենց այս տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն են թույլ տալիս հեռախոսով  վայրկյանների ընթացքում գտնել ու դիտել աշխարհի լավագույն ստեղծագործությունների լավագույն կատարումները: Սա ֆանտաստիկ մի երևույթ է: Ես կարծում եմ, որ նորագույն տեխնոլոգիաները մեր կյանքի որակը կփոխեն դեպի շատ ավելի բարձր մակարդակ:

Ի դեպ, շուտով մենք կունենանք թվային Արմսիմֆոնի հարթակը, մեր նվագախմբի համերգասրահը օնլայն տիրույթում, որտեղ կանցկացվեն համերգներ լավագույն մենակատարների հետ, նաև մեր լավագույն կատարումների տեսագրությունները, որոնք հեռարձակվել են  «Mezzo»

և «Մեդիչի» հեղինակավոր հեռուստաալիքները: Սա մեծ ձեռքբերում է, քանի որ հետխորհրդային տարածաշրջանում առայժմ երկու համույթ կա, որ իրավունք են ստացել իրագործել նման ծրագիր: Դա Պետերբուրգի Մարինյան թատրոնն է և մեր նվագախումբը: Այստեղ հարցն անգամ այն չէ, որ առաջինն ենք, այլ այն, որ ունենք այդ հնարավորությունը նման համերգասրահ ունենալու: 

-Ե՞րբ եք նախատեսում օնլայն համերգասրահի բացումը:

- Հուլիսի վերջին, ամենայն հավանականությամբ: 

- Իսկ ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու օֆֆլայն տիրույթում, համավարակի ավարտից հետո:

- Մեր թիմը համարում է, որ համավարակով պայմանավորված այս ժամանակահատվածում մենք ոչ թե կորցրել ենք, այլ փոխել ենք ուղղվածությունը: Իսկ օֆֆլայն ծրագրերի ժամանակն էլ կգա և նախատեսված համերգներն ու հյուրախաղերը կտեղափոխվեն: Իհարկե հեշտ չի լինի, գիտենք, բայց կլինի: Իսկ այս բարդ ժամանակը մեր նվագախմբի հեղինակությունը բարձրացնելու օգտին ենք օգտագործում առցանց ծրագրերով հասանելի դառնալով միջազգային հանրությանը և արժանանալով մի գուցե համեստ չհնչի, փայլուն գնահատականի:

Իսկ մեր երևանյան հանդիսատեսին կասեմ, որ մենք չենք կտրվել, մենք կանք և պոզիտիվ ենք տրամադրված և կարծում եմ որ ավելի լայն է պետք նայել: Այս համավարակն ապացուցեց, որ աշխարհի հանրությունը, մարդիկ ամեն տեղ նույնն են, մենք ունենք ընդհանուր մի հանրություն, որը հենց աշխարհն է և որ նորագույն տեխնոլոգիաները անսահման հնարավորություն են ստեղծում կոմունիկացիայի համար և խելացի մարդկանց  համար մեծ ճանապարհներ կբացի: