Անգամ ամեն ինչ կորցնելուց հետո սարուշենցիներն այստեղ ձեռնունայն նստած չեն. համայնքի ղեկավար
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր թշնամու ուղիղ նշանառության տակ։
«Այս ձորակում 2020-ին համառ մարտեր էին ընթանում, որոնց ընթացքում հանդիպակաց տարածքները հայկական 6 գյուղերի հետ թշնամին օկուպացրել էր։ Նոյեմբերյան եռակողմ համաձայնագրից հետո հազարավոր հայրենակիցների նման սարուշենցիները ևս վերադարձան գյուղ։ 2020-ից հետո գյուղից արտագաղթ չի եղել, շարունակել են գործել բոլոր ենթակառուցվածքները։ Նույնիսկ միջոցներ էինք ձեռնարկում ազատ բնակֆոնդը վերանորոգելու և բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կացարաններով ապահովելու համար»,- պատմում է համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը։
Ասում է՝ ռուս խաղաղապահներն օղակված Արցախում էին, և թվում էր ամեն ինչ վերահսկողության տակ է։
«Սակայն գնալով թշնամին աստիճանաբար ամեն կողմից սեղմում էր օղակը։ Փառուխ - Քարագլխի դեպքերը, գյուղատնտեսական աշխատանքներին անընդհատ խոչընդոտելը՝ նույնիսկ շրջափակման ժամանակ, արդեն ենթադրում էին թշնամու մտադրությունները»։
Մեկօրյա պատերազմում 12 սարուշենցի է զոհվել։ Եվս 4 հոգի, որ հրաշքով փրկվել էին ռազմական գործողություններից, զոհ գնացին բենզինի արտահոսքի հետեւանքով պայթյունին։
«Բոլոր աճյունները գաղթի ժամանակ կարողացել ենք տեղափոխել։ Տղաներն այժմ Եռաբլուր պանթեոնում են, այնտեղ ենք հիմա հիշատակման բոլոր օրերին։ Եռաբլուրն ինձ համար ամենաթանկ վայրն է դարձել»։
Բռնի տեղահանվելուց հետո համայնքի բնակիչները բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մարզերում։ Համայնքի ղեկավարը մշտական կապի մեջ է համագյուղացիների հետ, գիտի բոլորի տեղակայման վայրերը, հնարավորության սահմաններում սատարում է նրանց։
«Մեծ է ցավն ու ափսոսանքը, անչափ ծանր մեր տղաների ու Հայրենիքի կորուստը։ Համառ կամքով են սարուշենցիները։ Այնքան դժվարությունների միջով անցնելուց և ամեն ինչ կորցնելուց հետո էլ նրանցից շատերն այստեղ ձեռնունայն նստած չեն։ Աշխատում են կրկին ստեղծել»,- ասում է։
«Ամեն ինչ կորցրել է իր բովանդակությունը, մինչդեռ 32 տարի առաջ այսօրը Շուշիի ազատագրման համար մարտերն էին ընթանում»,- նշում է Կարեն Գասպարյանը։
Անահիտ Պետրոսյան