Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄ ՄԱ
A A
Հարցազրույց Հասարակություն

Այս իշխանությունները շատ վատ են պատկերացնում, թե ինչ ասել է «էներգետիկ շահեր»․ Ա․ Մանվելյանը՝ ատոմակայանին առնչվող որոշման մասին

ՀՀ կառավարությունը նախօրեին ընդունեց որոշման նախագիծ, որը վերաբերում է  Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի վերակառուցմանը։ Որոշմամբ նախատեսված է ՀՀ սեփական միջոցների հաշվին 63,2 միլիարդ դրամի վարկավորում կատարել 2020-22 թվականների ընթացքում, իսկ բյուջետային վարկի անհրաժեշտ միջոցներ ապահովելու նպատակով նախատեսված է, որ Ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր։

Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ, աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ  Արմեն Մանվելյանի հետ։

Պարոն Մանվելյան, ի՞նչ դիտարկումներ ունեք կառավարության որոշման վերաբերյալ, որով առաջարկվում է բյուջեից վարկ տրամադրել Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի հետ կապված աշխատանքների համար։ 

 

Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է կառավարության քայլերի տրամաբանությունը։ Որովհետև այն, ինչը ունեինք և այն, ինչ առաջարկվում է, էականորեն տարբերվում են։ Մենք ունեինք բավականին էժան վարկ, որով պետք է վերազինեինք երկրորդ էներգաբլոկը, ռեակտորը։ Հիմա դրանից հրաժարվում ենք, պարտատոմսեր ենք պատրաստվում տպել, իսկ այդ պարտատոմսերի գումարներն էլ՝ մոտ 40 միլիոն դոլար, ուղղել ռեակտորի վերազինման աշխատանքներին։ Կարող եմ ասել, որ սա լուրջ ռիսկեր է պարունակում, որովհետև այսպես թե այնպես աշխատանքը պետք է կատարվի «Ռոսատոմ»-ի (Ռուսաստան միջուկային համալիրի կարգավորիչ պետական մարմինն է - հեղ) հետ, այլընտրանք չկա։ Ռիսկերից մեկն այն է, որ պարտատոմսերի սպասարկումը շատ ավելի թանկ է, քան վարկինը վարկը 3 տոկոսով է, բայց 3 տոկոսով պարտատոմսեր հնարավոր չէ տպել, նվազագույնը՝ 8 տոկոս են կամ ավելի, 2,5 անգամ ավելի թանկ կվճարվի գումարի համար, որը պետք է ուղղվի։ Երկրորդն այն է, որ լրացվելու է Հայաստանի ներքին ռեսուրսների հաշվին, ռեակտորի վերակառուցման աշխատանքը կատարվելու է «Ռոսատոմ»-ի հետ, որովհետև նրան այլընտրանք չկա, տեխնոլոգիան զուտ խորհրդային է, այն կարող է սպասարկել միայն «Ռոսատոմ»-ը։ Մասամբ այդ ուղղությամբ աշխատում են չինացիները, իսկ մյուս երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, Կանադան, Ճապոնիան, որոնք նույնպես միջուկային ռեակտորների շուկայում ակտիվ են, այլ տեխնոլոգիաներ են առաջարկում։ Եվ այս հարցում մեզ օգնել ուղղակի չեն կարող։ Անհիմն է իրենց բացատրությոնը, թե այսկերպ հնարավոր կլինի ներգրավել հայ մասնագետների․ անկախ նրանից, թե հայկակական կողմն է վճարում, թե ռուսականը, աշխատանքները հայկական կողմը կարող է կատարել միայն «Ռոսատոմ»-ի հետ կնքած պայմանագրի շրջանակներում, «Ռոսատոմ»-ն է որոշում քանի մասնագետ, որտեղից ներգրավի դրանց մեջ, ինչպես այդ աշխատանքներ իրականացնի։ Այնպես որ արգումենտները, թե իբր կառավարությունը կվերահսկի և այլն, ավելի շուտ բացատրության դիլետանտ փորձեր են, որքան հասկանում եմ՝ իրենք շատ վատ են պատկերացնում: Եթե մենք դաշտում ունենայինք «Ռոսատոմ»-ին մրցակից, էլի հնարավոր կլիներ հասկանալ, որ փորձ է արվում աշխատել մեկ այլ կառույցի հետ։ Նորից եմ կրկնում, այս տեխնոլոգիայով կառուցում են միայն ռուսները, իրենք են պատրաստում այսպիսի ռեակտորներ։



 Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման որոշում ընդունվեց։

 

Վերջին երկու տարում իրենք խնդիրներ ունեին ռուսների հետ ու այդ խնդիրները պայմանավորված էին մի շարք հարցերով նախ այս իշխանությունները շատ վատ են պատկերացնում, թե ինչ ասել է «էներգետիկ շահեր» և ինչպես դրանք սպասարկել, չունեն էներգետիկ ռազմավարություն։ Քանի որ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում, ուստի չեն հասկանում, թե ինչ կարելի է պահանջել։ Ու այստեղ մեզ մոտ պրոբլեմներ են առաջանում։ Ես մեկ այլ մտավախություն ունեմ, որ այս ստեղծված խնդիրների («հրաժարվենք ռուսական վարկից, մեր ներքին ռեսուրսներով անենք»), հիմքն այն է, որ վաղ թե ուշ իրենք ուզում են կանգնեցնել ընդհանրապես ռեակտորի վերանորոգման աշխատանքները։ Պետք է զգույշ լինենք, որովհետև ատոմակայանը ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրող ինչ-որ կառույց է, ինքը նաև լուրջ գիտահետազոտական կենտրոն է, որտեղ մենք ունենք շատ արտակարգ մասնագետներ ու տարածաշրջանում միայն մենք ունենք այդ տիպի մասնագետներ։



Որտեղի՞ց են բխել մտավախությունները, որ կարող է կանգնեցվեն ատոմակայանի հետ կապված աշխատանքները։

 

Հայաստանը Եվրամիության հետ կնքած պայմանագիր ունի (կնքված է եղել դեռևս նախորդ իշխանությունների օրոք), որոմ հստակ նշված է, որ «ատոմակայանը պետք է փակվի»։ Ճիշտ է, պայմանգրում նշված չէ, թե երբ պետք է փակվի, ժամկետներ նշված չեն, բայց այդ կետը կա։ Շատ հնարավոր է, որ, օգտվելով այդ կետից, ճնշումներ են գնում ստիպելու համար, որպեսզի աշխատանքները դադարեցվեն։ Սա նոր բան չէ, մի քանի անգամ Եվրամիությունն այդ խնդիրը դրել է, 20 տարի է՝ պահանջում է այդ ատոմակայանը փակել։ Իրենք հստակ չեն ասում, թե ինչու են այդպես ուզում։ Ամեն դեպքում ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, IAEA - հեղ) որոշումներում ասվում է, որ ատոմակայանը վտանգ չի ներկայացնում, բայց Եվրամիությունը միշտ փակման պահանջը դրել է։




Նկատի՞ ունեք Արևելյան գործընկերության մասին համաձայնագրում է նշված այդ կետը։

 

Սա զուտ Արևելյան գործընկերության համաձայնագիրը չէ, այլ առանձին էլ կա։ Ատոմակայանի փակման վերաբերյալ կետը կա, սակայն հայկական կողմի պահանջով փակման համար ժամկետներ չնշվեցին, թե երբ պետք է փակվի մի տարուց, 20 տարուց, թե երբևէ։ Քանի որ նոր իշխանությունները նախկինների կնքած պայմանագրերի վավերացմամբ են զբաղված, մտավախություն ունեմ, որ շատ հնարավոր է՝ սա էլ այդ գործընթացի մեջ է։ Բայց ամեն դեպքում այդ գործընթացը, վարկից հրաժարվելը, ներքին պարտատոմսեր տպելը, դրա հաշվին ինչ-որ գումարներ վերցնելը, որոնք ավելի թանկ արժեն, քան ռուսական վարկը, ինչ-որ գործընթացների մեջ մտնել, որն էլի ինձ համար անհասկանալի է, և հարցեր են առաջացնում։ Իսկ այն, որ ասում են՝ «մենք ավելի լավ պայմաններով կկառավարենք», այսպես թե այնպես հայկական կողմն է  այդ գործընթացը կառավարում, բայց գործը կատարում է ռուսական կողմը։ Հայկական կողմն է պատվիրատուն, անկախ նրանից, թե վարկն ինչ վարկ է, ով է տվել՝ ռուսներն են տվել, ամերիկացներն են տվել, թե չինացիներն են տվել։ Եվ հայկական կողմը, վճարելով «Ռոսատոմ»-ին, հենց ինքն էլ վերահսկում էր ամբողջ աշխատանքը։ Դրա համար նորից եմ կրկնում, իրենց բացատրություններն անիմաստ, դիլետանտ, խոսակցությունների մակարդակի են։ 


Նշենք, որ Մեծամորի ատոմակայանին առնչվող կետ կա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված   «Ատոմային էներգիայի եվրոպական համայնք ստեղծելու մասին» պայմանագրում, որի կողմերն են  ՀՀ-ն, ԵՄ-ն և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը (Եվրատոմ), դրանց անդամ պետությունները։ 

42-րդ հոդված՝ «Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ
գործողությունների պլանի հնարավորինս շուտ ընդունումը՝ հաշվի
առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝
Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ
կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»։