Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պոլիտեխնիկ,_Մասնաշենք`_երկրորդ_(2)
A A
Հասարակություն

Վճարում ենք նույն գումարը՝ ավելի ցածր որակի կրթության համար. ուսանողները դժգոհ են (տեսանյութ)

Հայաստանի ազգային պոլիտեխնիկան համալսարանի մի խումբ ուսանողներ կազմակերպել են ստորագրահավաք, որին միացել են ավելի քան 500 ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից։

Նրանք դժգոհ են առցանց կրթության որակից և չեն պատրաստվում «ձեռքները ծալած նստել և սպասել ուսումնական տարվա ավարտին»:

 «Ա1+»-ի հետ զրույցում ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամ Հայկուհի Բաբայանը վստահություն հայտնեց՝ իրենց ձայնը լսելի է լինելու, իրավունքները՝ պաշտպանված:

Նրանք պնդում են՝ չեն ստացել անհրաժեշտ քանակությամբ ուսումնական նյութեր, որը նախատեսվում է առարկան լիովին յուրացնելու համար։ 

Վստահեցնում են, որ առցանց դասերի ընթացքում երբեմն  դասախոսները չեն պատասխանում ուսանողների հարցերին, ինչի հետևանքով ուսանողը դասընթացը չի յուրացնում:

Ասում են՝  նշված երկու պատճառներով էլ շատ ուսանողներ չեն կարողացել պատշաճ կերպով պատրաստվել քննություններին, ստուգարքներին և կուրսային աշխատանքներին։ Եղել են դեպքեր, երբ ուսանողը տեղեկացել է, որ  քննության է ստուգարքի կամ կուրսայինի հանձնման սահմանված ժամկետից մի քանի օր առաջ։ 

Ստեղծված իրավիճակի պատճառով շատերը ստացել են ցածր գնահատական, որն իր հերթին ուսանողների մոտ առաջացրել է մի շարք խնդիրներ։

Ուսանողներ պնդում են, եղել են նաև համակարգի խափանումներ, տեխնիկական տարբեր խնդիրներ, ինչի պատճառով իրենք կրկին տուժել են:

Ուսանողների հաջորդ պահանջը  ուսման վարձավճարների վերաբերյալ է,-փոխանցեց նախաձեռնող խմբի անդամը: Պնդում է՝ ուսանողներն այժմ որակապես չեն ստանում այն կրթությունը, որը ստանում էին մինչ արտակարգ դրությունը, բայց վճարում են միևնույն վարձավճարները.

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են վճարում նույն գումարը անհամեմատ ավելի ցածր որակի կրթության համար»:

Ուսման վարձավճարի հետ կապված ուսանողները մեկ այլ՝ սոցիալական խնդիր էլ են տեսնում: Պնդում են, որ  Կառավարության կողմից աջակցություն տրվում է բարձր ՄՕԳ-ով ուսանողներին, ինչը չի լուծում սոցիալական խնդիր, քանի որ այդպիսի ուսանողները հիմնականում անվճար են սովորում։ 

«Վճարովի համակարգում սովորող ուսանողներից պահանջում են մինչև որոշակի ժամանակահատված վճարել ուսաման վարձերը, և հաշվի չեն առնվում համաճարակի տարածմամբ պայմանավորված սոցիալական դժվարությունները»։

Առաջարկում են լուծումների իրենց տարբերակը, կազմել են առաջարկությունների փաթեթ, որը հանձնելու են ոլորտի պատասխանատուներին, պատրաստ են անհրաժեշտության դեպքում հանդիպել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և նրա հետ քննարկել իրենց դժգոհություները:

Հայկուհին նաև նշեց՝ դասախոսներից ոմանք ողջունել են իրենց նախաձեռնությունը, ոմանք էլ պարզապես ուշադրություն չեն դարձրել: