Ես ինձ զգում եմ Ռոբինզոն Կրուզոյի պես, միայն թե առանց Ուրբաթի․ Նարեկ Դուրյան
Աջակցիր «Ա1+»-ինԵս ինքս հավատացյալ չեմ, բայց ինչ-որ գերուժի հավատում եմ: Ժամանակին մարդը բնությունը չէր ապականում, երեխաները մեծանում էին ավազների մեջ, ցեխերի մեջ: Հիշում եմ, գետնախնձորը հանում, հենց այդպես ցեխոտ ուտում էինք: Հետո մարդը սկսեց մի քիչ, կներեք արտահայտությանս, լկտիանալ… նրան թվաց, թե բնության հետ ինչ ուզում է կարող է անել՝ լճեր չորացնել, գետերի ուղղություններ փոխել: Կնոջ տեղը փոխեց, դրեց ուրիշ տեղ, տղամարդու տեղը փոխեց, դրեց ուրիշ տեղ, ընտանիքը սկսեց խառնել, հայր, մայր, կրոն սկսեց ուրանալ, լպիրշությունը, վուլգարությունը դարձավ շատ լավ ծախվող կատեգորիա, իսկ եթե մարդը կիրթ է ու այսպես ասած, կուլտուրական, դա այնքան էլ հարգի չէ: Սկսեցին ազգություն, սահմաններ կոտրել, գենետիկա կոտրել. ֆրանսիացի չկա, անգլիացի չկա, ու ոնց որ թե ինչ որ մեկն ասաց, հլա մի հատ ստոպ, բոլորդ մտեք ձեր տները, ձեր խուցերը, մեծ, փոքր, սպիտակամորթ, սևամորթ, դեղին, հարուստ, աղքատ, արևելքից ՝ արևմուտք, հյուսիսից՝ հարավ, բոլորդ աշխարհով մեկ մտեք ձեր տներն ու մտածեք, թե ինչ եք անում, նայեք իրար աչքերի մեջ, ձեր կնոջ հետ խոսեք, ձեր ամուսնու հետ շփվեք, երեխաների հետ զբաղվեք:
Եթե սա ինչ որ մեկի համար, դեռ չգիտեմ ում համար, բիոլոգիական պատերազմի «գլխավոր» փորձ չէ, կամ էլ չգրված, չհայտարարված ծրագիր է ծերուկներից ազատվելու, քանի որ կյանքը երկարեց, երկարեց, հիմա էլ չգիտեն, թե ինչ անեն, եթե ոչ մեկն է, ոչ մյուսն է, սա ինչ որ մեկի կողմից վերջին նախազգուշացում է: Կարող է ծիծաղելի թվալ որոշ մարդկանց համար, բայց ես կենտրոնացել եմ այդ մտքի վրա:
Այսօր Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է: «Ա1+»-ի հեռախոսազրույցը սիրված դերասանի և ռեժիսորի հետ:
– Արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս է իրեն զգում Նարեկ Դուրյանը:
– Ռոբինզոն Կրուզոյի պես: Կարծես, անմարդաբնակ կղզու վրա լինեմ, պարզապես մի տարբերությամբ, որ գիտեմ, որ ամեն վարկյան կարող եմ դուրս գալ մարդկանց մեջ: Նաև, նրա նման փիլիսոփայում եմ: Տանը նստած ինչ-որ բաներ եմ հիշում, մտածում, վերարժեքավորում մի ժամանակ թվացյալ կարևորը, փորձում եմ հասկանալ, պետք էր դա ինձ, պետք չէր: Անկեղծ ասած, ես մի քիչ փակ մարդ եմ, գնալ, գալ, ռեստորաններ, հավաքույթներ, առանձնապես չեմ էլ սիրել: Եվ դա տարիքի հետ կապ չունի: Երևի թե, դրա համար էլ տանը նստելը շատ ծանր չեմ տանում:
– Այսինքն, ինքնաբավ եք:
– Այնքան բան պիտի կարդայի, չեմ հասցրել կարդալ, հիմա կարդում եմ, գրում եմ նաև: Ծանր եմ տանում, թերևս թատրոնի, բեմի, պակասությունը: Դա, այո շատ, շատ ծանր եմ տանում: Անցյալ օրը ոտքով քայլելիս, ես օրը գոնե մեկ ժամ անպայման պետք է ման գամ, որոշեցի Բաղրամյանով բարձրանամ, Դեմիրճյանով իջնեմ: Թատրոնի կողքով անցա, աֆիշները տեսա, այնպիսի տպավորություն էր մոտս, ոնց որ բռնի կերպով թոշակի են ուղարկել: Այս վիճակից շատ եմ նեղվում: Փորձում եմ կորցնել ինձ գրքերի մեջ, համակարգչի մեջ, չմտածել այս ամեն ինչի մասին:
– Քանի որ «Բոհեմը» մասնավոր թատրոն է, այս հարկադրված պարապուրդը ի՞նչպես պետք է հաղթահարեք:
– Մեզ համար շատ ծանր է: Մյուս թատրոններում դերասանները ստանում են իրենց աշխատավարձը: Ինչ ենք անելու, առայժմ չգիտեմ: Փորձեցի կառավարությունից փոխհատուցում ստանալ, տալիս էին մարդիկ, բայց խնդիր կա: Մեր ընկերության հիմնադիրը կինս է, որը Ֆրանսիայում է, պետք է գնա նոտարի մոտ, այնտեղից լիազորագիր ուղարկի, դա ժամանակատար գործընթաց է, դրա համար էլ որոշեցի վարկ վերցնել, որպեսզի դերասաններին այս ամսվա աշխատավարձը տամ:
– Այսօր առցանց ներկայացումները մարդիկ հաճույքով դիտում են: Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը վերջերս տված ասուլիսի ժամանակ նշեց, որ աշխարհը փոխվում է, նման ճգնաժամային իրավիճակներ կարող են պատահել և պետք է մտածել առցանց ֆորմատների մասին: Ինչ-որ քայլեր այս ուղղությամբ Դուք ձեռնարկու՞մ եք:
– Անկեղծ ասած, լավ որակի տեսագրություններ չունենք, եթե տեսագրել ենք, ապա մեր արխիվի համար, սիրողական մակարդակի տեսագրություններն են եղել: Պետք է, երևի թե, լուրջ մտածել այդ ուղղությամբ: Սակայն ինձ համար դա արդեն թատրոն չէ, դա ուրիշ ֆորմատ է: Դրա վրա պետք է մտածել: Եթե չկա դերասան-հանդիսատես կոնտակտը, եթե չես զգում հանդիսատեսի շունչը, դա արդեն թատրոն չէ: Թատրոնն ուրիշ բան է:
– Առցանց ներկայացման հանդիսատեսի շունչը միգուցե քոմենթնե՞րն ու լայքերն են:
– Դա նույնն է, ինչ, որ մեկն անընդհատ խոսում է ներկայացման ժամանակ: Ինչևիցե, ես դրան այնքան էլ կողմնակից չեմ: Եթե դանակը ոսկորին հասնի և պետք է դա անենք, կանենք: Բայց ես կարծում եմ, որ մարդկությունը կհոգնի վիրտուալ աշխարհից ու հետ կգա: Այս ամենն ինձ մի քիչ հիշեցնում է այն ժամանակները, երբ ի հայտ եկան սինթեզատորները: Ասում էին, որ դրանք դուրս կմղեն նվագախմբերին, քանի որ մի սինթեզատորով կարողանում ես մի ողջ նվագախմբի ձայն հանել: Բայց արի ու տես, որ այսօր մարդիկ վերադառնում են ակուստիկ կիթառի, ակուստիկ դաշնամուրի, ֆլեյտայի: Ինձ թվում է, որ կվերադառնա նաև գիրքը և կփոխարինի այսօրվա էլեկտրոնային գրադարաններին: Ուզում եմ հավատալ, որ սա մի շրջան է, պետք է անցնենք ու հետ գանք:
– Երբ Թատրոնի դռները բացվեն, ինչ եք կարծում, ի՞նչ բեմադրության կարիք կունենա հանդիսատեսը:
– Մի բան հաստատ գիտեմ, որ կորոնավիրուսից հետո պետք է դրա մասին ներկայացում չբեմադրել: Վիրուսներ շատ են եղել, էլ չումա, էլ իսպանկա, և այլն, և այլն, սուսիկ փուսիկ անցել է, երբեք չի ասվել, որ ամեն ինչ փոխվելու է, աշխարհն է փոխվելու: Ես չեմ կենտրոնանա այս խնդրի վրա, որովհետև այս խնդրի վրա կենտրոնանալով քաղաքական պիեսներ կստացվեն, որովհետև, պատահական էր, պատահական չէր, այս ամենը տանում է դեպի քաղաքականություն, իսկ ես չեմ ցանկանում դրանով զբաղվել: Կյանքը շարունակվում է: Հիմա երևի թե պետք կլինի պրեմիերաներ անել: Նախ, որ հանդիսատեսը հետաքրքրված լինի գալ թատրոն, և երկրորդը՝ նոր սեզոն սկսենք:
Կոմեդիա եմ բեմադրելու, դա հաստատ: Ճիշտն ասած, մի պիես էինք պատրաստում ծննդյանս հետ կապված՝ օպերային երգչի մասին: Մտածել էի, որ դա կլինի յուրօրինակ ձոն՝ նվիրված թատրոնին: Արդեն սկսել էինք փորձերը, բայց չհասցրեցինք… Դա կավարտեմ: Մի միտք էլ ունեմ, որի մասին, առայժմ չեմ ցանկանում բարձրաձայնել, տեսնենք կհաջողվի՞ արդյոք իրականացնել:
– Ինչպե՞ս է Նարեկ Դուրյանն անց կացնելու իր ծննդյան օրը ինքնամեկուսացման մեջ:
– Ռոբինզոն Կրուզոյի պես, միայն թե առանց Ուրբաթի: Կինս Փարիզում է: Տղաներս գնացել են Նորմանդիա, որտեղ մի հողակտոր ունենք, և այնտեղ են անցկացնում մեկուսացումը: Ամեն օր, իհարկե, խոսում ենք, բայց, շատ մտահոգիչ է… Սակայն ասեմ, որ անկախ այս կորոնավիրուսի իրավիճակից, մի տարիք է գալիս, երբ ծնունդն այդպես չի ուրախացնում: Եթե բեմի վրա ծնունդս տոնեի, այո, դա հաճույք կլիներ: