Բացել լրահոսը Փակել լրահոսը
7E870DD9-6460-438C-89B2-E6523F65C849_w650_r1_s
A A
Հասարակություն

Հայաստանը 180 երկրների շարքում 61-րդն է. «Մամուլի ազատությունն աշխարհում» զեկույց

Հայաստանը 180 երկրների շարքում 61-րդն է: Հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության  «Մամուլի ազատությունն աշխարհում 2020 » զեկույցը:

Չորրորդ տարին անընդմեջ Նորվեգիան շարունակում է գլխավորել մամուլի ազատության սանդղակը,  որին հետեւում է Ֆինլանդիան: Դանիան երրորդ տեղում է, Շվեդիան` չորրորդ:

Հայաստանում ԶԼՄ-ների բազմությունը, ըստ զեկույցի, մեծացել է, սակայն թավշյա հեղափոխությունից հետո կառավարությանը դեռեւս չի հաջողվել նվազեցնել մամուլի բեւեռացումը:

Հեռուստատեսային ալիքների խմբագրական քաղաքականությունը համապատասխանում է դրանց սեփականատերերի շահերին: Լրագրողական անկախությունն ու մամուլի թափանցիկությունը դեռեւս շատ հեռու են իրականություն լինելուց:

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ «Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպության »ամենամյա զեկույցում նշվում է, որ Հայաստանում մտահոգիչ հանգամանք է ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների մասնակցության փաստը: Սակայն հետաքննող լրագրությունը երկրում ծաղկում է ինտերնետում, որը մեծ դեր է կատարում կոռուպցիայի դեմ պայքարում:

Ի դեպ, ազատությունների վերաբերյալ «Ամերիկայի Ձայն» - ի հարցին ի պատասխան Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին ասում է, որ իր կարծիքով, Հայաստանի կառավարությունը շատ լավ աշխատանք է կատարել:

«Եղել է թափանցիկ, հաղորդակցվել է հանրության հետ, ներկայացրել է իրավիճակը: Երբ սկզբում արտակարգ դրություն էր հայտարարվել, առկա էին մի շարք իրոք խիստ միջոցներ լրատվամիջոցների նկատմամբ, սակայն, կարծում եմ խրախուսելի է այն, որ եղել է երկխոսություն, եղել են քաղաքացիական հասարակության խմբեր: Ինձ համար ժողովրդավարության լավ, առողջ վիճակի վկայություն է, երբ կառավարությունն արձագանքում է հանրության մտահոգություններին»,-ասել է դեսպանը:

Նշենք, որ « Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպությունը» կանխատեսում է, որ եկող տասնամյակը լինելու է լրագրության ապագայի համար որոշիչ, քանի որ նոր կորանավիրուսը լրացնում է աշխարհում առկա մյուս ճգնաժամերը:  

Այսօր հստակ կապ է նկատվում մամուլի ազատությունը ճնշելու եւ կորոնավիրուսի դեմ իրագործվող գործողությունների միջեւ, երբ մի շարք երկրներում մեծ գրաքննության է ենթարկվում վիրուսի հետ կապված տեղեկատվությունը, երբ համաճարակի շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենց երկրներից հեռացնում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների: