Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ընդդիմադիր գործիչներն իշխանություններին թաքուն առաջարկներ են անում․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

«Մի խումբ մարդիկ կան, որոնք արցախցիներին ստիպում են, որ չընդունեն Հայաստանի քաղաքացիություն։ Արցախում հեղինակություն ունեցող մարդիկ, մարդիկ, որոնք ազդեցություն ունեն այդ արցախցիների վրա։ Ընդ որում՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, թե եթե դու ընդունես` էլ Արցախ չես կարող գնալ կամ Արցախի քո տան համար փոխհատուցում չես կարողանա ստանալ։ Ցավ է, որ շատ քիչ մարդիկ են ընդունել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում արցախցիների խնդիրներին։

Մի քանի ամիս առաջ պատգամավորն ասել էր, թե պատերազմի կամ պարտության միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ, և հավելել էր, թե մի օր կխոսի այդ մասին։ Հարցազրույցի ժամանակ նույնպես չցանկացավ այդ մասին խոսել։

«Ես անուններով եմ ասելու, բայց 2026թ․ ընտրություններից հետո, որ հանկարծ չասեն, թե Գեղամ Նազարյանը ցանկանում է ընտրությունների վրա ճնշում գործադրել։ Մանրամասնորեն եմ ասելու։ Գիտեմ, որ դրանից հետո ինձ վրա հարձակում է լինելու, բայց այս երկիրը կործանեց սուտը, պոռոտախոսությունը։ Կորել էր սթափությունը, և դա ծանր հետևանք ունեցավ մեզ համար»,- հավելեց նա։

Խոսելով քաղաքական դաշտում տիրող իրավիճակի, իշխանափոխության պահանջների մասին՝ պատգամավորն ասաց, թե ընդդիմադիր գործիչներն Ազգային ժողովում իշխանություններին օրենսդրական կամ այլ փոփոխությունների վերաբերյալ թաքուն առաջարկներ են անում։

«Գիտե՞ք` ինչու են թաքուն անում։ Որ չասեն, թե համագործակցում են։ Ասելու են` թուրքերի հետ եք համագործակցում։ Կոմպլեքսավորվում են մարդիկ, ամեն մեկը Գեղամ Նազարյանը չէ, որ կորցնելու բան չունենա։ Իշխանությունները շատ առաջարկներ ընդունել են, բայց շատ-շատ առաջարկներ էլ, այդ թվում՝ իմ ներկայացրածները, մերժել են»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։