Պետք է կանխել, որ COVID-19 համաճարակը չվերածվի պարենի ճգնաժամի․ ՊԳԿ տնօրեն
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուի հայտարարությունը․
COVID-19- ի համաճարակը հսկայական լարվածություն է առաջացնում ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի վրա, և միլիոնավոր մարդիկ աշխարհի ամենաառաջադեմ տնտեսություններում այս կամ այլ կերպ կարանտինի մեջ են գտնվում:
Մենք գիտենք, որ մարդկային կորուստները մեծ կլինեն, և այդ ալիքը զսպելուն ուղղված հսկայական ջանքերը տնտեսական մեծ ծախսեր են ակնկալում:
Էլ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար, այն է՝ կապված միլիոնավոր մարդկանց համար հասանելի սննդի պակասի հետ, նույնիսկ ֆինանսապես ապահով երկրներում, աշխարհը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի՝ սննդի մատակարարման շղթաների աշխատանքի խափանումները նվազագույնի հասցնելու համար:
Անհրաժեշտ է համաշխարհային մակարդակով համակարգված և համապարփակ պատասխան՝ կանխելու հանրային առողջության համար պատուհաս դարձած այս ճգնաժամը՝ պարենի ճգնաժամի վերածվելու, որի դեպքում մարդիկ չեն կարողանա սնունդ գտնել կամ իրենց թույլ տալ այն գնել:
Այս պահի դրությամբ COVID-19- ը չի հանգեցրել պարենային անվտանգության որևէ լարվածության, չնայած սուպերմարկետների բազմամարդ պաշարումների վերաբերյալ անեկդոտային զեկույցների:
Թեև խուճապի կարիք չկա, քանզի աշխարհում բավարար քանակությամբ սնունդ կա, կերակրելու բոլորին, սակայն մենք պետք է դիմագրավենք մարտահրավերը, այն է՝ հսկայական ռիսկը, որ սննդամթերքը հնարավոր է հասանելի չլինի այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է:
COVID-19-ի բռնկումը, բոլոր ուղեկցող արգելափակումներով և մեկուսացումներով հանդերձ, լոգիստիկ խոչընդոտներ է ստեղծել, որոնք անդրադառնում են ժամանակակից համաշխարհային տնտեսության արժեշղթաների վրա:
Տեղաշարժի սահմանափակումները, ինչպես նաև աշխատողների կողմից վարքագծի փոփոխությունը կարող է խանգարել ֆերմերներին` գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելուն և սնունդ վերամշակող ձեռնարկություններին` վերամշակելուն: Պարարտանյութերի, անասնաբուժական դեղամիջոցների և այլ ներդրանքների պակասը նույնպես կարող է ազդել գյուղատնտեսական արտադրության վրա:
Ռեստորանների փակումը և ավելի պակաս հաճախականությամբ մթերային ապրանքների գնումները նվազեցնում են թարմ արտադրանքի և ձկնաբուծական ապրանքների պահանջարկը, ազդում արտադրողների և մատակարարների, հատկապես մանր տնտեսվարողների վրա, ինչև երկարաժամկետ հետևանքներ կթողի աշխարհի բնակչության վրա, լինեն նրանք Մանհեթենում կամ Մանիլայում:
Սննդամթերքի առկայության վերաբերյալ անորոշությունը կարող է ստիպել քաղաքականություն մշակողներին առևտրի սահմանափակող միջոցներ կիրառելու` ազգային պարենային անվտանգության պահպանման նպատակով:
Հաշվի առնելով պարենային ապրանքների գների 2007-2008 թվականների համաշխարհային ճգնաժամի փորձը, մենք գիտենք, որ նման միջոցառումները կարող են միայն սրել իրավիճակը:
Արտահանման սահմանափակումները, որոնք ստեղծվել են արտահանող երկրների կողմից՝ ներքին սպառման համար անհրաժեշտ սննդի հասանելիությունը մեծացնելու նպատակով, պարենի համաշխարհային շուկայում կարող են հանգեցնել լուրջ խափանումների, ինչն էլ իր հերթին կհանգեցնի գնաճի և գների անկայունության:
Փորձը ցույց տվեց, որ 2007-2008 թվականներին իրականացված այդ անհապաղ միջոցառումները խիստ վնասակար էին, հատկապես ցածր եկամուտ և սննդի դեֆիցիտ ունեցող երկրների համար, ինչպես նաև բացասական ազդեցություն ունեցան մարդասիրական կազմակերպությունների վրա՝ կարիքավոր և անապահով խավերի համար սնունդ և այլ պարագաներ գնելու գործընթացում:
Մենք բոլորս պետք է սովորենք մեր ոչ վաղ անցյալից և չգործենք նույն սխալները երկու անգամ:
Քաղաքական այրերը պետք է հոգ տանեն, որպեսզի խուսափեն պարենային ապրանքների մատակարարման պայմանները պատահաբար խստացնելուց:
Չնայած յուրաքանչյուր երկիր կանգնած է իր մարտահրավերների հետ դեմ հանդիման, այնուամենայնիվ, կառավարությունների համագործակցությունը բոլոր ոլորտների ու շահագրգիռ կողմերի միջև, կարևորագույն նշանակություն ունի: Մենք այսօր կանգնած ենք գլոբալ խնդրի առաջ, որը պահանջում է գլոբալ արձագանք:
Մենք պետք է հոգ տանենք, որ պարենային շուկաները գործեն ինչպես հարկն է, և որ սննդամթերքի գների, արտադրության, սպառման և պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը իրական ժամանակում հասանելի լինի բոլորին: Այս մոտեցումը կնվազեցնի անորոշությունը և թույլ կտա արտադրողներին, սպառողներին, առևտրականներին և վերամշակողներին կայացնել իրազեկ որոշումներ և զերծ մնալ անկանխատեսելի խուճապային պահվածքից համաշխարհային պարենային շուկաներում:
COVID-19 համաճարակի՝ առողջության վրա թողած ազդեցությունները որոշ աղքատ երկրների դեպքում դեռևս անհայտ են: Այնուամենայնիվ, մենք կարող ենք վստահորեն ասել, որ պարենային ցանկացած ճգնաժամ, որը քաղաքականության վատ մշակման արդյունք է, կլինի հումանիտար աղետ, որը կարող ենք կանխել:
Արդեն իսկ կա 113 միլիոն մարդ, որոնք տառապում են ծայրահեղ քաղցից: Ենթա-Սահարական Աֆրիկայում բնակչության մեկ քառորդ մասը թերսնված են: Պարենի մատակարարման ցանկացած խափանումն էլ ավելի կխորացնի ինչպես մարդկային տառապանքները, այնպես էլ ամբողջ աշխարհում քաղցը նվազեցնելու մարտահրավերը:
Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, թույլ չտալու, որ դա տեղի ունենա: Կանխարգելումն ավելի հեշտ է: Համաշխարհային շուկաները խիստ կարևոր են երկրներում և տարածաշրջաններում առաջարկի ու պահանջարկի ցնցումները մեղմելու համար, և մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի հնարավոր լինի նվազագույնի հասցնել սննդի մատակարարման շղթաների խափանումները:
COVID-19- ը հարկադրում է մեզ հիշել, որ միասնությունը ոչ թե բարեգործություն է, այլ ողջախոհություն:
Քյու Դոնգյու
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն
Հռոմ, մարտի 28, 2020թ.