Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5de3a104b84c5
A A
Հասարակություն

Մարդիկ չեն կարողանում կտրվել լրահոսից․ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան

«Եթե գլոբալ նայենք՝ ամբողջ աշխարհում կտրուկ մի քանի բան է աճել։ Տեսանյութերի դիտումը՝ պայմանավորված մի քանի բանով․ առաջինը, որ կրթությունն ամեն տեղ է անցնում հեռավար, պյուս դրան՝ աշխատանքը, և այդ ամենն արվում են մի քանի հարթակների, տեսազանգերի միջոցով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցի նկատմամբ հետաքրքրությանը՝ պայամավորված կորոնավիրուսի վիճակով։

Ըստ մեդիափորձագետի՝ կտրուկ աճել է նաև նորությունների դիտումների թիվը, տեսանորությունների դիտումների թիվը, և երրորդը՝ շատացել են ֆիլմերի օնլայն դիտումները։

Հիմնական հարթակները («Յութուբը», «Նեթֆլիքսը», «Ֆեյսբուքը» և այլն), ըստ Մարտիրոսյանի, նվազեցրել են տեսանյութերի որակը՝ ծանրաբեռնվածությանը դիմանալ կարողանալու համար։

«Եթե նայենք Հայաստանին, առանձնապես տարբերություն չկա։ Բնականաբար եթե «Գուգլ»-ում նայեք՝ թիվ մեկ թեման կորոնավիրուսն է։ Եթե նայենք այլ թեմաներին, ապա հեռավար ուսուցման հարթակների և սերիալների դիտումներն են շատ (չնայած սերիալների դիտումները միշտ էլ շատ են եղել), և հիմա ավելի շատ կնայեն, որովհետև ազատ ժամանակն ավելի շատ է։ Սրան պլյուս օնլայն առևտուրն է կտրուկ աճել, և շատ սպեցիֆիկ աճեր կան։ Օրինակ՝ «Պոռնհաբ» պոռնոկայքն ուժեղ մարքեթինգային թիմ ունի, և սկզբում Իտալիայի համար անվճար դարձրեց նախկինում վճարովի բաները։ Հիմա էլ ամբողջ աշխարհին է առաջարկում։ Բավականին լուրջ դիրքեր են գրավում, Հայաստանի դեպքում մյուս ամսվա կտրվածքով կտեսնենք, բայց  ենթադրում եմ, որ այս հարցում աշխարհից ետ չենք ընկնի»,- շարունակեց  նա։

Վերջինիս խոսքերով՝ համաշխարհային մակարդակով ցանցային հարձակումների աճ կա, կիբերկրիմինալը հիմա դուրս է եկել «որսի», քանի որ առցանց առևտուրը շատացել է,  և բնականաբար հետաքրքրությունը դեպի այդտեղ շատ է, ցանցից շատ են օգտվում մարդիկ, էմոցիոնալ ֆոնն է շատ, մարդիկ վախեցած են, զգացմունքային են ամեն ինչ ընկալում, մեծ աճ կա խաբեությունների։

«Նաև թիրախավորվում են հայերը։ Հայալեզու պրոֆիլներ կան, Հենրիխ Մխիթարյանի նկարներով մրցույթներ, «Հայփոստ»-ի անունից։  Ադրբեջանցիները փորձում են ինչ-որ բաներ անել՝ հիմնականում կոտրելով հայ օգտատերի հաշիվները, փորձում են նրանց անունից խուճապային լուրեր տարածել, իրենց միշտ խառը վիճակներից փորձում են օգտվել, խուճապային թեմաներ են ընտրում, հայալեզու»,- մանրամասնեց նա։

Անդրադառնալով, թե համացանցում  որ ֆիլմն է Հայաստանում ամենաշատը տարածում գտել, մեդիափորձագետը նշեց՝ ԱՄՆ 2011 թվականի արտադրության «Վարակում» ֆիլմը։

Առցանց ընթերցանության տարածման մասով Սամվել Մարտիրոսյանն ասաց․

«Վիճակագրություն չկա։ Բայց ֆեյսբուքյան հարցումները, գրառումները ցույց են տալիս, որ մարդիկ որոնում են գրադարաններ, օնլայն կուրսեր, այնպես որ սա ազդեցութուն կունենա կրթական տեսանկյունից։ Բայց կարող է նաև, որ մարդ շատ ուզի կրթվել, բայց ծանր վիճակներում մի քիչ հիպնոզային էֆեկտներ է տալիս, մարդիկ չեն կարողանում կտրվել լրահոսից»։

Այսինքն, ըստ փորձագետի, մարդիկ ասում են՝ «մի հատ օնլայն կուրս գտնեմ-սովորեմ, բայց մտնեմ մի հատ նորությունները կարդամ», կարդում է, հետո մի հատ էլ է կարդում, հետո տեսնում է, որ քնելու ժամն է եկել և այդպես ամեն օր․ «Այս էֆեկտը բավականին ուժեղ է, և պետք է ինքդ քեզ կտրես լրահոսից»։

Ցանցային ահաբեկչության մասով՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այն երկար ժամանակ գոյություն ունի։

«Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ահաբեկչությունը հնարավոր է ֆիզիկապես էլեկտրահամակարգերի շարքից հանելու մասով, մյուսը՝ տեղեկատվական ահաբեկչությունն է, երբ կարող ես մի ամբողջ երկրում խուճապ առաջացնել։ Կեղծ լուրեր են տարածում՝ օգտվելով օրինակ՝ հայկական պրոֆիլներից․ դա տեղեկատվական ահաբեկչության տեսակ է։ Հետևանքները չեն երևում, որովհետև մեր բնակչությունը սկսել է այդ բաները հասկանալ, ձեռագիրը զգում է, քիչ մարդ կա, որ ռեալ հավատում է։ Բայց տեսականորեն այնպիսի վիճակ է, որ դա հնարավոր է։ Ես, իհարկե, բացարձակ չեմ ողջունում այս գրաքննությունը, որ հիմա կա, բայց տեսականորեն ինքն արտակարգ դրության պայմաններում մտցվում է նմանատիպ բաներից խուսափելու համար»,- եզրափակեց մեդիափորձագետը։