Բացել լրահոսը Փակել լրահոսը
pipo
A A
Հասարակություն

Ո՞վ պետք է վերահսկի, որպեսզի խանութներում հերթեր չառաջանան

 Սուպերմարկետներում, խանութներում, մեծ սգո սրահներում մարդկանց կուտակումներ կան։ Այս մասին ահազանգում է ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

«Ա1+»-ի հետ զրույցում փորձագետը շեշտում է՝ արտակարգ դրություն ամենևին էլ չի նշանակում աշխատանքի չգնալ  ու զուգահեռ՝  սուպերմարկետներում հերթեր կուտակել։ Նա մի շարք հարցեր է բարձրացնում, մասնավորապես՝  թե ո՞վ պետք է հետևի, որ առևտրի կենտրոններում, ինչպես նաև այլ վայրերում հերթեր չլինեն։

 «Մենք պետք է կարգ ունենանք,  օրինակ՝ թե քանի՞ մարդ կարող է մուտք գործել խանութ։  Քանի՞  հոգի է գնացել, ստուգի՝ խանութներում քսա՞նն են, թե՞ քառասունհինգը»,- նկատեց Դավիթ Պիպոյանը։

Փորձագետն  առաջարկում է, որ այն վայրերում, որտեղ սովորաբար մարդկանց կուտակումներ են լինում,  ոստիկանական ուժերը հսկողություն անեն։

«Որ չթողնեն կուտակումներ լինեն,  վերջը ո՞վ պետք է վերահսկի։ Ոչ թե ուզում եմ, որ մտնեն, ստուգումներ անեն, այլ հսկեն, զգուշացնեն, որ 20 հոգուց ավել չհավաքվեն»,- ընդգծեց Դավիթ Պիպոյանը։

 Նա հղում է անում այլ երկրների փորձին, որտեղ հերթեր առաջանում են ոչ թե խանութի ներսում, այլ խանութից դուրս։

«Խանութներ սահմանափակ թվով մարդկանց են թողնում։ Տարբեր երկրներ տարբեր ձևով են խնդիրը լուծել։ Երկրներ կան, որոնց խանութների դռներ փակելն ու բացելը կոնկրետ ժամանակով են անում, երկրներ կան, որոնք կոնկրետ թիվ են գրել, որ օրինակ՝ այս տարածքում չի կարող գտնվել այսքան հոգուց ավել մարդ և դրամարկղի  մոտ հստակ գծանշումներ են արված, թե մարդիկ հեռավարությունը որքան պետք է պահպանեն»,- նշեց պարոն Պիպոյանը։

Ըստ նրա՝  պետությունը պետք է մոբիլիզացնի իր ուժերը, հստակ ռազմավարություն մշակի, որպեսզի արտակարգ դրության ժամանակ պահանջվող կանոնները չխախտվեն։

«Կարծում եմ, որ այս օրերին բոլորը տեսնում են, որ մեզ մոտ գործողությունները, ցավոք, իրավիճակային են։ Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք չունենք մշակված ռազմավարություն, թե որ գերատեսչությունը ինչպես պետք է գործի, ինչպես կառավարեն ռիսկերը։ Այս օրերին, ո՛չ երթևեկությունից, ոչ խանութներից  զգացողություն չունեմ, որ մեզ մոտ արտակարգ դրություն է»,- ասաց նա։

Փորձագետից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք  առևտրի կենտրոններում պարենային ապրանքների սակավություն նկատո՞ւմ է, գները բարձրանո՞ւմ են։ Ըստ Դավիթ Պիպոյանի՝ հիմնականում ապրանքի սակավություն չի նկատել, բացառություն են երեկոյան ժամերը, երբ ապրանքները վերջացած են լինում։ Ինչ վերաբերում է ապրանքների գների բարձրացմանը, ապա Դավիթ Պիպոյանը նկատում է՝ վստահ չի կարող լինել, որ դրանք պայմանավորված են արտակարգ դրությամբ, որովհետև մինչև այդ  դոլարի արժույթի փոփոխություն եղավ։ 

«Իսկ բազմաթիվ մթերքներ մենք ներմուծում ենք, բնականաբար,  դա կարող է իր հերթին ազդեցություն թողնել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրությունը կգործի մինչեւ ապրիլի 14-ը։