Անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի 31-ը
Աջակցիր «Ա1+»-ինԱնկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը, հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Ծրագրի մեկնարկից սկսած կենսաթոշակային քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալներն ու շահառուների թիվը գրեթե յուրաքանչյուր ամիս գրանցում է նոր՝ ավելի բարձր ցուցանիշներ։ Մեկնարկից սկսած ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար, 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4,190 դրամ հետվճար։
Հիշեցնենք, որ 2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։
Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։
Հետվճարից կարող են օգտվել նաև ԼՂ հայրենակիցները։