Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Կառավարության (տեսանյութ)

«Լիդիան Արմենիա» ընկերության 15 նախկին աշխատակից հայց է ներկայացրել ընդդեմ Կառավարության։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց «Լիդիան Արմենիա»-ի գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանը։

«Արդեն 2 տարի է՝ Ամուլսարի հանքը փակվել է անօրինական ձևով, և աշխատակիցները մուտք գործել չեն կարող։ Աշխատակիցների մեծ մասը կրճատվել է, մոտ 300 աշխատողից մնացել են շուրջ 20-ը։ Կառավարությունը մինչև այսօր ի վիճակի չէ լուծում տալ այս հարցին։ Տեսնելով, որ Կառավարությունը չի աջակցում մեր կազմակերպության աշխատակիցներին, և պաշտպանում մեր իրավունքները և կորցնելով հավատը Կառավարության և վարչապետի հանդեպ, ստիպված ենք եղել անցյալ շաբաթ մի խումբ աշխատակիցներով դիմել դատարան»,- ասաց Լիանա Հովսեփյանը։

Ըստ նրա՝ պահանջում են վերականգնել իրենց իրավունքները, ոստիկանության գործունեությունը ճանաչել ոչ օրինական։

«Կառավարությունից պահանջելու ենք նաև, որպեսզի փոխհատուցի այն բոլոր վնասները, որոնք մեր աշխատակիցները այս 2 տարվա ընթացքում կրել են։ Ի դեպ ոչ միայն պահանջելու ենք 2 տարվա համար, այլ այն տարիների համար, որ պետք է աշխատեինք, պլանավորված էր, որ աշխատելու ենք մոտ 15 տարի»,- ասաց նա։

Ըստ Լիանա Հովսեփյանի՝ «Լիդիան Արմենիա» կազմակերպության աշխատակիցների ամսական միջին աշխատավարձը կազմում էր 600 000 դրամ։

«Մենք փորձել ենք խոսել Կառավարության հետ, մեզ խոսացել են, որ՝ կբացենք, ձեզ չեն կրճատի, մենք կբարեխոսենք, որ ոչինչ չլինի, ձեզ կաջակցենք, սակայն մինչ օրս Կառավարությունից մեզ ոչ ոք չի աջակցում, և ստիպված ենք դիմել այս քայլին»,- հավելեց նա։

Կազմակերպության նախկին աշխատակիցները վճռական են տրամադրված, անհրաժեշտության պարագայում դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Ես երկար տարիներ աշխատել եմ «Լիդիանի» լաբորատորիայում, և տարբեր ժամանակահատվածում մենք ունեցել ենք մոտ 50 աշխատող տարբեր համայնքներից։ Վերջին տարիներին լաբորատորիան ինտենսիվ աշխատանքներ է կատարել համայնքներից մեկում։ Մեր երիտասարդները բարձրագույն կրթություն են ստացել ու տարբեր մասնագիտություններով շարունակել են աշխատել մեր կազմակերպությունում մինչև այս ապօրինությունը։ Ապօրինություններից հետո մարդիկ գաղթում են Հայաստանից, միայն անցյալ շաբաթ 2 հոգի մեկնել են Ռուսաստան, որոնցից մեկն ունի բնապահպան-քիմիկի մասնագիտություն»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Հույս ունեին, որ Կառավարությունը լուծում կտա այս խնդրին, բայց սայլը տեղից չի շարժվել։

«Եթե Կառավարությունն ի վիճակի չէ մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, մենք ստիպված ենք դիմել դատարան։ Մինչև ՄԻԵԴ գնալու ենք, պահանջելու ենք մեր երեխաներից խլված գումարները, որոնք մենք պետք է վաստակեինք մեր աշխատանքի արդյունքում։ Մենք պահանջելու ենք փոխհատուցում»,- նշեց նա։

Գնդեվազի բնակիչ Նարեկ Հովհանիսյանն էլ հավելեց, որ հանրաքվեի քարոզչության շրջանակում Կառավարությանը հրավիրում են այցելել Ամուլսարի հարակից շրջաններ, որպեսզի տեսնեն դատարկված տները։ Իսկ թե ինչպե՞ս են վերաբերում Ամուլսարի հանքի շահագործման  հարցը հանրաքվեի դնելուն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական անվտանգության գծով պատասխանատու Արթուր Հովսեփյանն արձագանքեց․

«Ձեզնից որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ եթե հանրության մեջ տարիներ շարունակ կեղծիք է տարածվում, և կոնկրետ կեղծ թեմաներ են շրջանառվում, թե ծրագիրը վտանգավոր է, 3 գլխանի երեխաներ կծնվեն, հա՞նք, թե՞ կյանք, իհարկե, հանրության մեջ կեղծիք են տարածում, ու մարդիկ տեղեկացված չլինելով՝ չեն կարող գնալ ու հանրաքվեի մասնակցել, ինչ հանրաքվեի մասին է խոսքը»։