Բացել լրահոսը Փակել լրահոսը
Logo
A A
Մշակույթ

Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարան հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն և երկրի ճանաչելիության բարձրացումը:

Հայաստանի տաղավարում ներկայացված են 40 վարպետների ձեռագործ աշխատանքներ. մասնավորապես՝ ցուցադրվում են կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ, որոնք ամբողջացնում են հայկական ձեռագործ արվեստի լավագույն ավանդույթները: Սուրբ ծննդյան տոնավաճառի շրջանակում Հայաստանի տաղավարում այցելուների համար կիրականացվեն նաև վարպետաց դասեր՝ նվիրված հայկական ժողովրդական արհեստագործության մեջ կիրառվող տեխնիկային և առանձնահատկություններին:

Վիեննայում Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը կշարունակվի մինչև դեկտեմբերի 23-ը:

Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում:

Նշենք նաև, որ 2023 թ. Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ