Բացել լրահոսը Փակել լրահոսը
88094862_1107794699562332_5620101458574704640_n
A A
Հասարակություն

Ինչպիսի՞ ազդեցություն կունենա հանրաքվեն տնտեսության վրա. պարզաբանում են մասնագետները

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ներկայացնելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները, նշեց, որ նախորդ տարին բավականին լավն է եղել տնտեսության համար:

Վկայակոչելով նախորդ տարվա 7.6 տնտեսական աճը՝ Թունյանը նշեց, որ այն տարածաշրջանում ամենաբարձրն է։ Թունյանը նշեց, որ ըստ պաշտոնական տվյալների՝ ամենաշատը տնտեսական աճին նպաստել է մշակող արդյունաբերությունը, երկրորդ տեղում ֆինանասական և ապոհավագրական ծառայությունների ոլորտն է։

Պատգամավորն ընդգծեց նաև, որ տարվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի քայլեր, որոնց արդյունքները կերևան այս տարվա սկզբին, մասնավորապես՝ հարկային օրենսգրքի փոփոխությունները կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումը: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը նշեց՝ ներկայացված ցուցանիշները միայն առաջին հայացքից են առաջընթաց արձանագրում, նրա պնդմամբ՝ մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել: Մինասյանը նշեց, որ որոշ կարևոր ոլորտներում, որոնք իրական տնտեսական համակարգ են ներկայացնում, ունենք էական անկում:

Մինասյանն ընդգծեց՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք անկում, շինարարության ոլորտում ծավալների աճ չի արձանագրվել: «Զվարճությունների և հանգստի ոլորտում ունեք 26 մլրդի աճ, ինչը վկայությունն է այն բանի, որ այն իրական տնտեսություն չէ: Բաց հանքերի շահագործման ոլորտում 25 մլրդ դրամ աճ կա, սա խոսում է այն մասին, որ հայտարարված քաղաքականությունը, թե հանքերի շահագործումից տնտեսությունը պետք է վերակողմնորոշվի դեպի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացում, հակասում է այս մոտեցմանը»:

Սրան ի պատասխան՝ Բաբկեն Թունյանը նշեց, որ հանքարդյունաբերությունն ավելացել է նախորդ տարվա ցածր ցուցանիշների համեմատ: Մինասյանը պնդում է, որ տնտեսական քաղաքականության մեջ գաղափարախոսություն չկա, ուստի տրվում են իրավիճակային լուծումներ: Բարձր տեխնոլոգիաների արտադրման և արտահանման ոլորտում մենք ունենք խիստ ցածր մակարդակ,-նշում է Մինասյանը և հավելում, որ այստեղ հսկայական անելիք ունենք: Ինչ վերաբերում է ներդրումներին, Մինասյանն ասաց, որ օրենսդրական դաշտում կան մի շարք խնդիրներ, որոնք վնասում են ներդումային դաշտին:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման օրինագիծը, բանկային գաղտնիքը բացահայտելու վերաբերյալ նախագիծը անցումային արդարադատության վերբերյալ օրինագիծը, նույնիսկ՝ հանրաքվեն վնասում են մեր երկրի ներդրումային դաշտին: Թունյանը չի կարծում, որ հանրաքվեն կարող է տնտեսության վրա բացասաբար ազդել: «Եթե մենք նկատի ունեք, որ կարող են լինել, օրինակ, բողոքի ցույցեր, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ, համոզված եմ, որ նման բան չի լինի, որովհետև հասարակության մեջ չկա այն թերահավատությունը կամ կասկածը, որ ընտրությունները կարող են կեղծվել»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ բնավ կեղծիքները նկատի չուներ. «Երկիր, որտեղ քաղաքական իշխանությունը կարող է դատական համակարգի վրա տոտալ ճնշում գործադրել, ներդրումների պաշտպանության տեսակետից բացասական ազդակ է, նշանակում է, որ ներդրողը պետք է իր հույս կապի այն քաղաքական ղեկավարի հետ, ով կարող է փոխել դատավոր, մուննաթ գալ դատավորի վրա»:

Մինասյանը պնդում է՝ այն երկրներում, որտեղ նման փորձ է եղել, ներդրումային դաշտը բացասական ուղղությամբ է գնացել: