Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գևորգ Կուտոյանը հրազենային վնասվածք ուներ քունքի շրջանում. ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ (տեսանյութ)

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը քիչ առաջ լրագրողներին մանրամասներ ներկայացրեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից։

«Դեպքի վայրում հայտնաբերվել է «Գլոք» տեսակի ատրճանակ։ Տեղում պարզել ենք՝ օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է, որը Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից է նրան տրվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արթուր Մելիքյանի՝ բնակարանում հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, սենյակի պատերին կան վնասվածքներ։ Արթուր Մելիքյանը նշեց, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ուներ քունքի շրջանում։

Նա տեղեկացրեց նաև, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին թույլ չեն տվել բարձրանալ դեպքի վայր։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

«Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու։ Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ, բազմաթիվ վարկածներ։ Հետագայում համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»,- նշեց Արթուր Մելիքյանը։

Նա հայտնեց, որ տեսանկարահանող սարքերի մի շարք զննություններ է արվել, տեսաձայնագրությունները արդեն առգրավման գործընթացում են։

Մանրամասները՝ տեսանյութում։