Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մաքսիմ Վենգերով. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում երաժշտության նկատմամբ սիրո շատ բարձր աստիճան կա»  

Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով մեկնարկեց Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Համերգին ներկա էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Համերգային ծրագրում հնչեցին Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»‚ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։

Լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգային երեկոն ուղեկցվում էր երաժշտասերների բուռն ծափահարություններով։ Ինքը՝ Վենգերովը‚ բեմից իր խորին երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով‚ որ ուրախ է ելույթ ունենալ նման հանդիսատեսի առաջ‚ որն իր էներգիայով վարակում է և ուժ ներշնչում ստեղծագործելու համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ մեծ պատասխանատվություն է աշխատել Մաքսիմ Վենգերովի հետ։ «Հուզիչ է ելույթ ունենալ նման տաղանդավոր երաժշտի հետ‚ որն իր շուրջը ստեղծում է ստեղծագործական մի այնպիսի մթնոլորտ‚ որ զգում է ամբողջ նվագախումբը‚ հանդիսատեսը։ Երբ ես երիտասարդ ջութակահար էի‚ շատ էի սիրում լսել Մաքսիմ Վենգերովի կատարումների ձայնագրությունները‚ և ահա տարիներ անց ելույթ եմ ունենում նրա հետ նույն բեմում‚ ինչը հաճելի ու պարտավորեցնող է»‚- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Անդրադառնալով ներկայացված ծրագրին՝ դիրիժոր Սմբատյանը նշեց‚ որ խաչատրյանական փառատոնի բացման համերգի ծրագիրը  նվագախումբը հունվարին Մաքսիմ Վենգերովի հետ կատարելու է եվրոպական շրջագայության ընթացքում։ Նա հատկապես ընդգծեց այն փաստը‚ որ եվրոպական լավագույն բեմերում հնչեցնելու են Ջոն Տեր-Թադևոսյանի՝ ականավոր հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը‚ ում սիմֆոնիզմը շատ հարազատ է իրեն։ Ի դեպ‚ Ջոն Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան բարձր է գնահատել Շոստակովիչը‚ և այս հրաշալի ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի մեր երկրի սահմաններից դուրս՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

Համերգից հետո խոսելով տպավորությունների մասին՝ Մաքսիմ Վենգերովն ասաց‚ որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրաշալի կոլեկտիվ է‚ որի հետ աշխատելն անչափ հաճելի է։ Երաժիշտները երիտասարդ են‚ սակայն այնքան պրոֆեսիոնալ են նվագում‚ կենտրոնացած‚ այնքան էնտուզիազմով‚ որ ինձ համար միշտ իրադարձություն է նրանց հետ համագործակցելը։ Եվ նշեմ ամենակարևորը՝ նրանք սիրում են երաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում երաժշտության նկատմամբ սիրո շատ բարձր աստիճան կա»‚- ասաց Մաքսիմ Վենգերովը։  

Ի դեպ‚ մաեստրո Վենգերովը հիշեց‚ որ առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել որպես դիրիժոր‚ այնուհետև նաև՝ որպես ջութակահար։  

Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Առաջիկայում փառատոնի շրջանակներում սպասվում է ևս 4 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ