Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-21_17-49-46
A A
Պաշտոնական

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավորում Հայաստանի Հանրապետւթյանը, աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։

Անկախ Հայաստանի Հանրապետությունը մեր մեծագույն ձեռքբերումն է, որը ծնվել է մի ամբողջ ազգի՝ այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի ձգտումներից, զոհողություններից և վճռականությունից։

Այսօր՝ Արցախի ողբերգական հայաթափումից երեք տարի անց, մեզ առավել քան երբևէ միասնություն է անհրաժեշտ. ոչ թե միակարծություն, այլ միասնություն՝ մեր հիմնարար ազգային շահերի, մեր հայրենիքի անվտանգության, ինքնիշխանության և ժողովրդավարական ապագայի շուրջ։

Քաղաքական տարաձայնությունները բնական են ցանկացած ժողովրդավարական հասարակությունում։ Սակայն դրանք երբեք չպետք է դառնան պատճառ հայերին միմյանց դեմ հանելու կամ Հայաստանի հասարակության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի միջև արհեստական ջրբաժաններ ստեղծելու համար։

Ոչ մի կառավարություն, անկախ իր քաղաքական կողմնորոշումից, չպետք է պառակտի մեր ազգային կյանքի այս կարևորագույն բաղադրիչները։ Մենք պետք է կարողանանք տարբեր կարծիքներ ունենալ՝ միաժամանակ մնալով միասնական այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք վեր են քաղաքական շրջափուլերից. դրանք են՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանումը, հայերի հիմնարար իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի ու Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը։

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբ միասնական ենք եղել, ցուցաբերել ենք մեր թվաքանակից շատ ավելի մեծ ուժ։ Հակառակ դեպքում, երբ ներքին պառակտումները թուլացրել են մեր ազգային համախմբվածությունը, այլոք կարողացել են օգտվել այդ պառակտումներից՝ ի վնաս մեր հավաքական շահերի։ Ազգային միասնությունը չի նշանակում լռություն։ Այն չի նշանակում հրաժարվել քաղաքական բանավեճից կամ ժողովրդավարական տարաձայնություններից։ Այն նշանակում է հրաժարվել հայ ազգին ինքնին մեր քաղաքական տարաձայնությունների մարտադաշտ դարձնելուց։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում՝ հանուն մեր ազգային իրավունքների ու շահերի պաշտպանության, ժողովրդավարական արժեքների, Հայաստան-Եվրոպա հարաբերությունների

ամրապնդման, ինչպես նաև հայ ժողովրդի միասնության ու արժանապատվության պահպանման։

Ուստի, անկախության այս օրը մեր ուղերձը միասնության, պատասխանատվության և հույսի ուղերձ է։

Թող Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ։

Թող հայ ժողովուրդը՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում, լինի միասնական՝ պաշտպանելով մեր ազգային արժանապատվությունը, իրավունքներն ու ապագան։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ