Բացել լրահոսը Փակել լրահոսը
79179407_2456737161061227_5616566305353105408_n
A A
Հասարակություն

Մեկ ամսում չես կարող զինվոր պատրաստել․ Վազգեն Սիսլյանը՝ Հայկ Սարգսյանի օրինագծի մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան, բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով: 

Արցախյան ազատամարտի մասնակից, հետախույզ, ռազմա-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի կարծիքով՝ այս նախագիծն ապազգային է։

«Հանկարծ Աստված չանի, սա վավերացվի, սա նշանակում է, որ ի թիվս շատ հանգամանքների, բանակում կծառայեն այն մարդիկ, ովքեր անճարունակ են։ Այսինքն՝ երկրի պաշտպանի, երկրի պաշտպանությունը բարոյազրկվում է։ Երկրի պաշտպանության գաղափարը բարոյազրկվում է», - նշեց ռազմական գործիչը։ Ըստ նրա՝ բանակը պետք է ֆինանսավորվի ոչ թե անձերի կողմից, այլ պետական բյուջեից։ 

Նա կոչ արեց այնպիսի օրինագծեր առաջ բերել, որոնցով հնարավոր կլինի լավացնել սոցիալ-տնտեսական վիճակը, որպեսզի բանակի սոցիալական վիճակն այնքան բարենպաստ լինի՝ ծառայելու համար, որ երիտասարդը ցանկանա ծառայել։ 

Հետախույզը հարցադրում արեց․ «Պատկերացնո՞ւմ եք, եթե 10 միլիոն մեկը տալիս է, էն մյուսը չի տալիս, ի՞նչ է դրանից դուրս գալիս։ Կամ էն մյուս մարդը տունը պետք է վաճառի, կամ տունը գրավ դնի, այսինքն՝ յուրաքանչյուր տարբերակում միևնույն է՝ խնդիրը մնում է քաղաքացու ուսերին։ Իշխանությունն ինչի՞ համար է, կառավարությունն ինչի՞ համար է»։   

Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Վան» գործողության մասնակից Վազգեն Սիսլյանի համոզմամբ՝ այս օրինագիծը չի ընդունվի, և  այն հակասում է բանակի կառուցվածքին, ծրագրին։

«10 միլիոն դրամը մարդկանց համար խաղալիք չէ, մեկ ամիս ծառայելը։ Դա ծիծաղալու բան է բառի բուն իմաստով», - շեշտեց նա։ 

ՀԱՀԳԲ մարտիկը համաձայն է Գևորգյանի հետ, որ պետությունն ինքը պետք է բանակի վիճակը լավացնի, որ երիտասարդը գա ծառայելու, իսկ արտերկրից եկածների համար առաջարկում է, որ պետությունը պայմաններ ստեղծի․ օրինակ՝ 1 տարի ծառայություն և որոշակի գումարի վճարում (տուգանքի տեսքով, նվիրատվության տեսքով և այլն)։ 

«Մեկ ամիսը խաղուպար է։ Մեկ ամսում չես կարող զինվոր պարապել, չես կարող պատրաստել»,- նշեց նա՝ հավելելով, որ զինվորին պատրաստելու համար նվազագույնը 6 ամիս է հարկավոր։