Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (1)
A A
Քաղաքականություն

10 մլն դրամ վճարած և 1 ամիս ծառայած անձը զինգրքույկ կստանա․Հայկ Սարգսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայությանը, երեկվանից լայն քննարկումների առիթ է դարձել։

Իշխանական խմբակցության պատգամավորն առաջարկում է անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության։ Այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, նրանք հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան ՀՀ բյուջե կվճարել 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով:

«Ես առաջարկում եմ ավելի շուտ, քան կլրանա նրանց 27 տարեկանը, վերադառնալ հայրենիք և վճարել 10 մլն դրամ, որից հետո արագացված ընթացակարգով ծառայել։ Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա կարգը սահմանելու է Կառավարությունը, այդ մեկ ամսվա ընթացքում զինծառայողները սովորելու են Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զինատեսակներից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվեն ներկայանալ զորահավաքների և ընդգրկվելու են պահեստազորում»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Նշենք, որ ըստ գործող օրենքի՝ 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ ՀՀ և ծառայությունից խուսափելու համար չենթարկվել քրեական պատասխանատվության՝ վճարելով 3.6 մլն դրամ:

Նախագիծն ուղղված է նաև այն քաղաքացիներին, որոնք արտագաղթել են մինչև զորակոչային տարիքը և արտերկում ապրող ու ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերին: Ի՞նչ կտա սա Հայաստանին, Հայկ Սարգսյանը ընդգծեց․

«Մենք Հայաստանի Հանրապետություն ենք վերադարձնելու այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են գալ Հայաստան, բայց քրեական պատասխանատվության չենթարկվելու կամ չծառայելու հանգամանքով պայմանավորված դեռևս չեն գալիս։ Նախ մենք Հայատան կբերենք այդ քաղաքացիներին, կստեղծվեն նոր աշխատատեղեր Զինված ուժերում՝ պայմանագրային զինվորաական ծառայության տեսքով և մեր բանակում ֆինանսական միջոցների հավաքագրում կլինի, ինչի արդյունքում բանակում մեծ թափով բարեփոխումներ կլինեն»։

Հարցին, թե չի՞ կարծում, որ այս առիթից կօգտվեն ապահովված մարդիկ և իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից, Հայկ Սարգսյանը նշեց․

«Ձեր նշած ունևորները՝ 10 մլն դրամ ունեցող քաղաքացիներից շատերն այս պահին գտնվում են արտերկում և պատրաստ են վերադառնալ: Ես ցանկանում եմ նրանց տալ այս հնարավորությունը, այլապես նրանք այս քայլին չեն դիմի»։ Հարցին, թե արդյոք մեկ ամիս ծառայած քաղաքացիներն էլ են ստանալու զինգրքույկ՝ «Իմ քայլը» խմբակցության ասաց. «Այո, պետք է ստանան»: