Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի ելույթն ընդդիմադիր գործչի ելույթ էր․ «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր (տեսանյութ)

Լիբանանում տպագրվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող Շահան Գանտահարյանը Հայաստանի ազգային գրադարանում մասնակցում էր հայկական մամուլի անդրանիկ«Ազդարար» պարբերականի 225-ամյակին նվիրված գիտաժողովին։

«Ա1+»-ի հետ զրույցում Գանտահարյանն ասաց, որ ողջունելի է, որ այս գիտաժողովը համախմբել է մամուլի մատենագետներին, պատմաբաններին, մամուլի գործիչներին, խմբագիրներին։  Ըստ «Ազդակ»-ի գլխավոր խմբագրի՝ Հայաստանյան մամուլում պրոֆեսիոնալիզմը և արհեստավարժությունը հստակ է։ «Այստեղ իսկապես համահայկական հնչեղությամբ և տարողությամբ նյութեր, վերլուծություններ կան, որից օգտվում է նաև սփյուռքահայ մամուլը»,- նշեց նա։

Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ Շահան Գանտահարյանն ասաց, որ ներկայումս Սիրիայի հայաբնակ Հալեպ և Քեսաբ քաղաքներում մթնոլորտը համեմատած Սիրիայի հյուսիսի, մասնավորապես` Քամիշլիի շրջակա տարածքների հետ, ավելի հանգիստ է։ Նա ասաց, որ Հալեպից դեպի տարբեր քաղաքներ, դեպի Լիբանան կապող ճանապարհը բաց է, երթևեկությունը համեմատաբար բնականոն է։

Լիբանանի մասով «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրն ասաց, որ վարչապետ Սաադ Հարիրի հրաժարականից հետո բողոքի ցույցերն անորոշ իրավիճակ են ստեղծել, և Լիբանանում այս պահին չկա գործադիր իշխանություն։ «Հանգուցալուծման ուղիները դեռևս չեն երևում։ Բանակցություններ ցուցարարներին ներկայացնող որևէ մարմնի և իշխանությունների միջև չկան։ Այնուամենայնիվ կա ճնշում, որ անմիջապես սկսվի խորհրդակցություններ նոր վարչապետի նշանակման առումով»,- ընդգծեց լրագրողը։

Ստամբուլյան կոնվենցիայի մասով Շահան Գանտահարյանն ասաց, որ եթե Հայաստանի Սահմանադրությունն ընտանիք հասկացողությունը սահմանել է տղամարդու և կնոջ միջևհամակեցությամբ, և եթե Ստամբուլյան կոնվենցիան նաև ընտանիք հասկացության ուրիշ պատկերացում ունի, այդ դեպքում հակասում է։

Անդրադառնալով նոյեմբերի 20-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, Գանտահարյանն ասաց, որ դա ընդդիմադիր գործչի ելույթ էր։

Խոսելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորման մասին՝ լրագրողն ասաց, որ բանակցություններում նոր բեկումնային բան չկա, բայց առաջանային է Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալը։

Հարցին, թե ի՞նչ է հասկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության տակ, թե Արցախի հարցում այնպիսի լուծում պետք է լինի, որ բավարարի թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդներին, «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը պատասխանեց, որ դա ստատուս-քվոյի երկարաձգման համարժեք քայլ կլինի, որովհետև հեշտ չէ այնպիսի բանաձև գտնել, որ հակամարտող կողմերին բավարարի։

Մանրամասները՝ տեսանյութում