Բանաձևի ընդունումը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման փուլում․ Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը կարևոր նշանակություն ունի ինչպես Ցեղասպանության մասին ճշմարտությունը ավելի լայն տարածելու և զոհերի հիշատակը մեկ անգամ ևս ոգեկոչելու առումով, այնպես էլ կարևոր քաղաքական նշանակություն ունի, քանի որ սա մի փաստաթուղթ է, որը լայն տարածում գտավ աշխարհում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա համոզմամբ՝ պետք է սպասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը կշարունակվի։
«Այս բանաձևը կոչ է անում, որ ԱՄՆ-ը երբեք չտրվի Հայոց ցեղասպանության մասին այն կեղծիքներին, որը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»։
Թուրքագետը նշում է՝ ինքը չի շրջանցում նաև այն հանգամանքը, որ այս բանաձևի ընդունումը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման փուլում․
«Ամերիկյան քաղաքական վերնախավը դժգոհ է Թուրքիայից այն առումով, որ վերջինս այնպիսի խոշոր գործարքը, ինչպիսին օրինակ՝ սպառազինությունների բնագավառում Ս-400 համակարգերի գործարքն է, կնքեց Ռուսաստանի հետ, դժգոհ է նաև նրանից, որ Թուրքիան խախտեց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ամերիկյան կողմի հետ նախքան թուրքերի ագրեսիան Սիրիայի հյուսիսում։ Այս հանգամանքները կարևոր էին ամերիկյան քաղաքական վերնախավի համար։ Կարելի է ասել, որ ամերիկյան քաղաքական դասը Թուրքիայի նկատմամբ տրամադրված է չափազանց բացասական, և իհարկե, սա իր հետևանքը ունեցավ»։
Ռուբեն Սաֆրաստյանը կարևորում է նաև Թուրքիայի արձագանքը, որտեղ բոլորը շարունակում են հայտնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտման և պատմական իրականության կեղծման ուղղությամբ․
«Այստեղ կարևոր է մի հանգամանք, որ Թուրքիան մինչ այս հայտարարում էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա կառաջացնի թուրքական կողմից որոշակի գործողություններ, բայց միակ դիվանագիտական դեմարշը թուրքական կողմից այն էր, որ ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին հրավիրեցին արտգործնախարարություն, և ոչ մի պաշտոնական նոտա թուրքական կողմը չհրապարակեց և չուղարկեց ԱՄՆ, գուցե դա ավելի ուշ կլինի, բայց ամեն դեպքում Թուրքիայի առաջին արձագանքը սպասվածից ավելի մեղմ էր»։
Ռ․ Սաֆրաստյանը կարծում է, որ պետք է դեռ սպասել, թե թուրքական և ամերիկյան կողմերը անդրկուլիսյան բանակցություններում ինչ արդյունքի կգան․
«Ես կարծում եմ, որ այս պահին տեղի է ունենում գաղտնի անդրկուլիսյան բանակցություններ թուրքական և ամերիկյան ներկայացուցիչների միջև, և այդ բանակացությունների արդյունքը կորոշի, թե Թուրքիայի արձագանքը կլինի ավելի կո՞շտ, թե՞ ոչ, թե՞ կգան որոշակի համաձայնության»։
Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը շահարկում է հայկական հարցը՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար․
«Շատ հետաքրքիր է, որ նույն օրը ԱՄՆ կոնգրեսը ընդունեց մեկ այլ բանաձև, որով մտցվում են պատժամիջոցներ Թուրքիայի դեմ Սիրիայում գործողությունների համար, այնպես որ՝ այստեղ կապը ակնհայտ է, և սա է քաղաքական իրողությունը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին կլինի ԱՄՆ Սենատի արձագանքը, բանախոսն ասում է՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի անդրկուլիսյան բանակցություններից շատ բան է կախված։