Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԳ նախարարի ելույթում մի բառ չկար գերիների մասին․ Օսկանյան (տեսանյութ)

Վարդան Օսկանյան․ «Իշխանությունները գերիների հարցը ներքաղաքական շահարկման են վերածում»

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի  եթերում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Բաքվում պահվող հայ գերիների հարցը ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու կամ անգործությունը թաքցնելու համար։

«Սա բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, առաջնային պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Իշխանությունները մինչ օրս ոչինչ չեն արել։ Վերջին շրջանի փոքր ակտիվությունն ու հայտարարությունները բավարար չեն։ Մեկուկես տարի է՝ այդ տղաները Բաքվի բանտում են, և որևէ առաջընթաց չկա»,- նշել է Օսկանյանը։

Նրա խոսքով՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում ՀՀ արտգործնախարարն իր ելույթում գերիների մասին ոչինչ չի ասել՝ չօգտվելով կարևոր դիվանագիտական հնարավորությունից։

«Դու այդ ատյանում լռել ես ու հիմա եկել ԱԺ ամբիոնից հոխորտում ու քննադատում ես։ Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում ավելի անկախ են, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ։ Դուք վախկոտ եք»,- ասել է Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ գերիների վերադարձի բանալին Փաշինյանի ձեռքում է, և բանակցությունները վաղուց պետք է դադարեցված լինեին, եթե հարցի լուծման իրական կամք լիներ։